Նաիրա Զոհրաբյանը կրկեսի չի մասնակցում. նա լքել է ԵԽԽՎ նիստերի դահլիճը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ աշնանային լիագումար նիստում ադրբեջանցի պատգամավոր Ռաֆայել Հուսեյնովի «Կրոնի ազատությունն ու կողք կողքի ապրելը ժողովրդավարական հասարակություններում» զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը շատ կոշտ հայտարարությամբ է հանդես եկել: Անդրադառնալով Հուսեյնովի զեկույցին՝ Զոհրաբյանը հայտարարել է, որ հանդուրժողականության մասին խոսելուց եւ զեկույց գրելուց առաջ Հուսեյնովը պարտավոր է ԵԽԽՎ ամբիոնից ներողություն խնդրել Ադրբեջանի վարած հայատյաց եւ ագրեսիվ քաղաքականության, կրոնական անհանդուրժողականության, ինչպես նաեւ մշակութային վանդալիզմի` հայկական Ջուղա քաղաքի գերեզմանոցի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու տակ գտնվող, համաշխարհային մշակութային արժեք հանդիսացող հազարավոր խաչքարերի ոչնչացման համար:

Ն. Զոհրաբյանի ելույթը ադրբեջանցիներին հանել է հունից, եւ վերջիններս սկսել են հարձակումներ գործել հայ պատվիրակների վրա: ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության անդամ Սայիբա Գաֆարովան կոչ է արել հայ պատվիրակներին չստել: Ռաֆայել Հուսեյնովն էլ հայտարարել է, թե ամբողջությամբ ժխտում է Նաիրա Զոհրաբյանի ելույթը` այն որակելով որպես «Հայաստանի՝ Ադրբեջանի նկատմամբ իրականացվող ագրեսիայի շարունակություն»:

Նշենք, որ սեպտեմբերի 28-ին Ստրասբուրգում մեկնարկած աշնանային նստաշրջանն առաջին իսկ երեք օրերի ընթացքում աչքի ընկավ Ադրբեջանին ուղղված սուր քննադատություններով՝ մարդու իրավունքների աղաղակող խախտումների, հասարակական-քաղաքական գործիչների հետապնդումների եւ բռնաճնշումների կիրառման դեպքերի արձանագրումներով: Նիստի առաջին օրը ԵԽԽՎ ղեկավար Անն Բրասերն իր մամուլի ասուլիսում խստագույնս քննադատեց Ադրբեջանին՝ կրկնելով, որ այս երկրում մարդու իրավունքների վիճակը երկու տարվա ընթացքում շարունակաբար վատթարանում է:

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու է հայկական պատվիրակությունը լքել նիստերի դահլիճը:

-Տիկի՛ն Զոհրաբյան, ԽԽՎ նիստում Ձեր ելույթից հետո ադրբեջանցի պատվիրակները ելույթ են ունեցել ու Ձեզ մեղադրել են Ադրբեջանի մասին միջազգային բարձր հարթակից սուտ տեղեկություն տարածելու մեջ՝ նշելով, թե Դուք որեւէ ամբիոն բաց չեք թողնում՝ Ադրբեջանի բարի համբավը արատավորելու համար: Իսկ Ռաֆայել Հուսեյնովն էլ Ձեր վերջին ելույթը որակել է որպես Հայաստանի՝ Ադրբեջանի նկատմամբ իրականացվող ագրեսիայի շարունակություն: Որն էր ադրբեջանական այս հերթական հիսթերիայի առիթը:

-Գիտեք, պատասխանը պարզ է, ճշմարտությունը միշտ էլ ցավոտ է, եթե այն չի բխում Ադրբեջանի շահերից: Իսկ իմ կողմից մշտապես բոլոր հարթակներից ասվել է ու ասվում է ճշմարտությունը Ադրբեջանի մասին: Դա արձանագրել են ե՛ւ ԵԽԽՎ-ն, ե՛ւ միջազգային տասնյակ կազմակերպություններ: Ի վերջո, փաստ է` հայկական Ջուղա քաղաքի գերեզմանոցի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու տակ գտնվող, համաշխարհային մշակութային արժեք հանդիսացող հազարավոր խաչքարեր ոչնչացվել են: Ի դեպ, հենց ադրբեջանցի լրագրող Իդրակ Աբասովին եմ ցիտել իմ ելույթի ժամանակ, ով 2006 թվականին, այցելելով Ջուղա, հայտարարել է, որ ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Ջուղայի գերեզմանոցը: Ես խոսել եմ բացարձակապես փաստերով, ես ներկայացրել եմ ԵԽԽՎ որոշումը ու ներկայացրել եմ այն իրողությունը, որ Ադրբեջանը ոչ մի կերպ թույլ չտվեց ԵԽԽՎ պատգամավորներին այցելել Ջուղա եւ տեսնել ադրբեջանական վանդալիզմի հետքերը: Ես խոսել եմ Բաքու կատարած իմ այցի մասին, որպես Եվրանէսթի պատգամավոր: Երբ Ռաֆայել Հուսեյնովն այս ամբիոնից լալահառաչ խոսում էր կրոնական հանդուրժողականության մասին, իրեն ասել եմ, որ նման պատմություններ պատմելուց առաջ դուք այստեղ ներողություն պիտի խնդրեք ձեր հայտյաց, ագրեսիվ քաղաքականության համար: Ու ներկայացրել եմ, որ ինչպես կարող է կրոնական հանդուրժողականությունից խոսել մի երկրի ներկայացուցիչ, երբ ես անձամբ Բաքվում տեսա, որ հայկական եկեղեցու խաչը հանված էր, բացառիկ գրքերը ոչնչացված էին, իսկ գրադարանը վերածվել էր Հեյդար Ալիեւի անվան գրադարանի: Արդյո՞ք այդքանից հետո Հուսեյնովը իրավունք ունի խոսել ընդհանրապես կրոնի ազատության, հանդուրժողականության մասին, առավել եւս` զեկույց գրել: Միայն այն դեպքում, եթե բոլորիցս ներողություն խնդրեն Ադրբեջանի վանդալիզմի, հայատյաց քաղաքականության համար, այդ ժամանակ ես կհավատամ, որ նա անկեղծ է:

-ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության անդամ Սայիբա Գաֆարովան էլ հայտարարել է, որ ինքը չի կարող արձագանքել հայկական պատվիրակությանը, քանի որ Դուք լքել եք դահլիճը: Ինչո՞ւ էիք որոշել հեռանալ դահլիճից:

-Այո՛, լքել եմ, որովհետեւ ես չեմ սիրում թատերականացված շոուներ, ինչ-որ թեմայի վերաբերյալ զեկույց գրելու բարոյական իրավունքը պետք է վաստակել: Եթե դու մի երկրի ներկայացուցիչ ես, որտեղ ժողովրդավարության մասին խոսելը ամենամեծ զավեշտը կլինի, որտեղ առ այս պահը բանտերը լցված են լրագրողներով, իրավապաշտպաններով, երկիր, որը վարում է հայատյաց, անհանդուրժողական քաղաքականություն, որտեղ սերունդը մեծացվում է հայերի հանդեպ գենետիկ ատելությամբ, այդ երկրի ներկայացուցիչը բարոյական իրավունք չունի դառնալու կրոնական ազատության զեկույցի հեղինակ: Դա զավեշտ է, ես նման կրկեսի չեմ ուզում մասնակցել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս