«Մանկական Եվրատեսիլ»-ի մեր մասնակից Միկան արդեն գլուխ է հանում սիրային հարցերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս կայացավ «Մանկական Եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան: Մրցույթում այս տարի մեր երկիրը ներկայացնող Միկան (Միքայել Վարոսյան) հանդես է գալիս մերօրյա կուպիդոնի կերպարով, եւ նոյեմբերի 21-ին եվրատեսիլյան երկրպագուներին կներկայանա ռոք-ն-ռոլ ժանրի երգով: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրուցեց իր երգի, մրցույթին իր տրամադրվածության եւ այլ թեմաների շուրջ:

16443_large

Միկան նախ շեշտեց, որ «Եվրատեսիլ»-ն իր համար շատ մեծ նշանակություն ունի, քանի որ արդեն 4 տարի է` ձգտում է մասնակցել մրցույթին. ««Եվրատեսիլ»-ի շնորհիվ ես հասկացա, որ երազանքներն իրականանալու հատկություն ունեն, երբ անսահման հավատում ես դրանց: Իսկ իմ երազանքն արդեն իրականանում է»:
Միկան դեռ չի մտածել, թե հնարավոր հաղթանակից հետո ինչ է անելու, ծրագրեր չի կազմում. «Հիմա հաղթանակի պատրաստման փուլում ենք: Կարծում եմ` հաղթանակի բոլորն են սպասում, սակայն ես ավելի շատ աշխատում եմ, որ լավագույն արդյունք ցույց տամ, լավ ելույթ ունենամ»,-ասաց նա:

«LOVE» երգի տեսահոլովակում Միկան` գլխավոր կուպիդոնը, եւ իր աշխատակիցները մշակում եւ կառավարում են աշխարհի բոլոր սիրային հարցերը: Մենք Միկայից հարցրինք` արդյոք նա արդեն գլուխ հանում է սիրային հարցերից, սիրած աղջիկ ունի, թե ոչ. «Սկզբում այնքան էլ գլուխ չէի հանում, սակայն տեսահոլովակից հետո արդեն հանում եմ, ամեն բան փոխվել է (ժպտում է), իսկ սիրած աղջիկ, ոչ, դեռ չունեմ»,-պատասխանեց երգիչը:

aaiN_AiCi-_iC_7

«LOVE» երգում Միկային ամենից շատ դուր է գալիս այն հանգամանքը, որ երգը ռոք-ն-ռոլ ժանրում է եւ թույլ է տալիս ի ցույց դնել բոլոր էմոցիաները: «Իսկ երգի հիմնական մեսիջն այն է, որ մենք փորձում ենք ամբողջ աշխարհում ժպիտ եւ սեր տարածել: Նույնը փորձում ենք անել նաեւ տեսահոլովակի միջոցով»,-հավելեց նա:

Նշենք, որ Միկան ծնվել է Երեւանում, սովորում է թիվ 130 հիմնական դպրոցի 7-րդ դասարանում: Նա մեզ պատմեց, որ սիրում է երգ, պար, ինչպես նաեւ` համակարգչային խաղեր:

Միկայի խոսքով` ինքը շատ ընկերներ ունի, եւ նրանք միշտ սատարել են իրեն, իսկ այժմ, «Եվրատեսիլ»-ին ընդառաջ էլ ավելի են քաջալերում իրեն:

Աննա Բաբաջանյան




Լրահոս