«Ճանաչենք մեր երկիրը» երիտասարդական արշավ՝ նվիրված ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 24-ին Ստեփանակերտից մեկնարկել է ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված՝ «Ճանաչենք մեր երկիրը» երիտասարդական հայրենաճանաչողական արշավը, որին մասնակցել են ավելի քան 200 երիտասարդներ՝ Արցախի երիտասարդական կազմակերպություններից, բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից:

Ինչպես հայտնում են ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունից, քայլարշավին իրենց անմիջական մասնակցությունն են բերել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ԼՂՀ երիտասարդության հարցերով միջգերատեսչական խորհրդի անդամներ:

Քայլարշավն անց է կացվել Մխիթարիշեն-Հունոտի կիրճ-Քարին տակ երթուղով: Ծրագրի մասնակից երիտասարդները ծանոթացել են տեղանքի պատմամշակութային վայրերին, արցախյան ազատամարտի հերոսական դրվագներին: Քարին տակ գյուղում արշավի մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել գյուղի զոհված ազատամարտիկների հիշատակին:

Քարին տակ գյուղում տեղի է ունեցել մասնակիցների հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Երկրի ղեկավարը կարևորել է երիտասարդների դերը երկրի կյանքում՝ նշելով, որ հայրենասեր և բազմակողմանի գիտելիքներով զինված երիտասարդությունը հայրենիքի սահմանները պաշտպանող ու նրա ապագան կերտող ամենաակտիվ զանգվածներից է, և պետությունն այսուհետ էլ ուշադրության կենտրոնում է պահելու երիտասարդությանն առնչվող հիմնախնդիրները:

Արշավի մասնակիցների համար կազմակերպվել է մշակութաժամանցային ծրագիր:

Ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությանը, երիտասարդների համախմբմանը, հայրենաճանաչողության բարձրացմանը, առողջ ապրելակերպի խթանմանը:

Ծրագիրն իրականացվել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ` ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության և Շուշիի շրջվարչակազմի հետ համագործակցությամբ:




Լրահոս