Ինչպես արդեն հայտնել էինք, երգչուհի Քրիստինե Պեպելյանը կատարել է իր խոստումը և սահմանամերձ Բաղանիս գյուղին նվիրաբերել 600 հազար դրամ: Երգչուհին Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ սահմանամերձ համայնքներին առաջին անգամ էր օգնում, սակայն բարեգործական նախաձեռնություններով մշտապես հանդես գալիս է:
«Որևէ սահմանամերձ համայնքին օգնելու նախագիծ չէր եղել: Բնականաբար ինչ-որ մեկին օգնելու համար նախաձեռնություններ շատ-շատ են եղել: Որևէ ընտանիք կամ անհատ, որն ունեցել է օգնության կարիք, շատ անգամներ հնարավորություն եղելա օգտակար լինելու մարդկանց», – ընդգծեց նա:
Երգչուհին հույս հայտնեց, որ սահմանամերձ համայնքներին օգնելու նախաձեռնությունները ևս շարունակական բնույթ կկրեն: «Աստված տա, որ ունենանք աշխատանք, որպեսզի ունենանք հնարավորություն և օգտակար լինել մարդկանց: Ես միշտ կողմնակից եմ այն գաղափարին, որ մշտապես չպետք է լինես վերցնողի դերում, այլ պետք է վերադարձնես մարդկանց:
Քրիստինե Պեպելյանը դժվարացավ կանխատեսել՝ իր նախաձեռնությանն այլ երգիչ-երգչուհիներ կհետևեն, թե ոչ: Նա նշեց, որ իրավունք չունի որևէ ենթադրություն կամ կանխատեսում անել, քանի որ դա ամեն մարդու որոշելիքն է: «Ես չգիտեմ՝ իրենք ինչ-որ բան կուզեն անել, թե չեն ուզի: Եթե ավելի անկեղծ՝ ես չգիտեմ՝ ինչ-որ բան արել են, թե չէ: Միգուցե ինչ-որ բաներ արել են, ես տեղյակ չեմ, չեմ կարող հայտարարություն անել»: