Մոտ 54.05 մլն ընտրողներ կարող են քվեարկել ավելի քան 175 հազար ընտրատեղամասերում: Նրանք պետք է ընտրեն Թուրքիայի խորհրդարանի 550 անդամների՝ ընտրություն կատարելով 16 կուսակցությունների միջև:
Ինչպես գրում է RIA Novosti-ն, Թուրքիայում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Այսօր առավոտյան՝ ժամը 08:00-ին, ամբողջ երկրում բացվել են ընտրատեղամասերը:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները հայտարարվել են երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, քանի որ հունիսի 7-ին տեղի ունեցած հերթական ընտրությունների ժամանակ Թուրքիայում չհաջողվեց ձևավորել կոալիցիոն կառավարություն: Չնայած ձայների 40.8 տոկոսով հաղթել էր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, սակայն 2002-ից ի վեր առաջին անգամ կորցրեց խորհրդարանական մեծամասնությունը և չկարողացավ միայնակ ձևավորել կառավարություն: