ՁԿԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությունից հետո նկատելի անկում արձանագրվեց տարբեր ապրանքատեսակների, այդ թվում եւ ձկան արտահանման ցուցանիշներում: Սա փաստում է նաեւ պաշտոնական վիճակագրությունը: Հատկապես վերջին ամիսներին ձկան արտահանման հետ կապված խնդիրների արդյունքում արտադրանքի ամբողջ խմբաքանակը կենտրոնացվել է տեղական շուկայում` առաջացնելով գերավելցուկ:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2013 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից արտահանվել է 1 հազար 439 տոննա ձուկ, արտադրվել է 7 հազար 266 տոննա: Այդ ժամանակահատվածում ձկան միջին գինը կազմել է 2200 դրամ: Նույն ԱՎԾ-ի տվյալներով՝ 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից արտահանվել է 1 հազար 636 տոննա, իսկ արտադրվել է 8 հազար 892 տոննա ձուկ: Այս շրջանում ձուկն ունեցել է 2400 դրամ միջին գին: Թեեւ տարեցտարի ավելանում են ձկնարտադրության ծավալները, սակայն սրան զուգահեռ նվազում է արտահանումը: «Ժողովուրդ»-ը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ 2015 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից արտահանվել է 1 հազար 207 տոննա ձուկ, մինչդեռ արտադրվել է տասն անգամ ավել` 11 հազար 217 տոննա: Իսկ այս տարվա 9 ամիսների ընթացքում ձկան մանրածախ միջին գինը կազմել է 2013 դրամ:
Այն, որ ՀՀ կառավարությունը ձկնաբուծությանը զարկ տալու համար մեծ վնասներ հասցրեց բնապահպանությանը, վաղուց հայտնի փաստ է: Դրա արդյունքում մասնավորապես Արարատյան դաշտավայրի հարյուրավոր հեկտարներով բերրի հողեր այսօր անջրդի են եւ դարձել են անպիտան: Պետությունը գյուղատնտեսության այդ ճյուղը զարգացրեց՝ հաշվի առնելով նաեւ արտահանման հեռանկարը, սակայն ԵՏՄ-ին անդամակցելուց հետո այս հարցում ոչ միայն առաջընթաց չկա, այլեւ առկա է ակնհայտ հետընթաց: Ինչն էլ ոլորտի համար անդառնալի հետեւանքներ է ունենում: Եթե այսպես շարունակվի, ապա ձկնարտադրությամբ զբաղվող տնտեսությունները ստիպված կլինեն մեկը մյուսի հետեւից փակվել:
Նախ կտուժեն այն ընկերությունները, որոնք գործունեություն են ծավալել միայն արտահանման հեռանկարով: «Հայր եւ որդի Բունիաթյաններ» ընկերության սեփականատեր, ձկնաբույծների միության նախագահ Արմեն Բունիաթյանը թեեւ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ռուսական շուկան ձկնաբույծների համար ավելի մատչելի է դարձել, սակայն արտահանման ծավալների նվազման մեկ այլ նոր պատճառ բերեց: «Սա վատ կազմակերպման արդյունք է: Երբ ռուսական կողմը պատժամիջոցներ կիրառեց Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների նկատմամբ, ռուսական շուկայում առաջացավ տվյալ ապրանքի դեֆիցիտ: Այսինքն՝ մեր արտադրանքի պահանջարկը պետք է մեծանար: Հիմա մեր գործարարները սխալ քաղաքականություն են վարում, փորձում են շուկան մենաշնորհել: Ռուսական կողմը մեզ չի պարտադրում արտադրանքի գներն իջեցնել, այլ մենք ենք այն արհեստական իջեցնում: Կոպիտ ասած՝ մեկը մյուսներին խեղդում է, ինչի հետեւանքով էլ մյուս արտհանողները չեն կարողանում գոյատեւել. գների մեջ չեն տեղավորվում եւ դադարում են արտահանումը: Այստեղ մեծ ծախսեր են անում, տեղափոխում են այդ ձուկը ՌԴ, սակայն այնտեղ ստիպված են լինում ինքնարժեքով վաճառել եւ մեծ վնասմեր են կրում»,- ներկայացրեց Բունիաթյանը:
Ձկնաբույծի խոսքերով՝ ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումները չեն խանգարում որպեսզի տեղական արտադրողները բարձր գնով ձուկ վաճառեն: «Թուրքական ձուկը միշտ էլ եղել է ռուսական շուկայում, մեզ համար այն այդքան էլ լուրջ մրցակից չէ: Պատկերացրեք՝ ռուսական շուկայում Նորվեգիան տարեկան 170 հազար տոննա ձուկ էր վաճառում, իսկ Հունաստանը՝ մոտ 70-80 հազար տոննա: Հիմա մոտ 250 հազար տոննա ձուկ ռուսական շուկա չի մտնում: Բայց մեր արտահանողները այս առիթը չեն օգտագործում, որովհետեւ նրանց, չգիտեմ թե ովքեր, թույլ չեն տալիս: Իրենք իրենց արտադրանքը ցածր գնով են առաջարկում՝ այդպես գցելով ապրանքի գինը: Խոչընդոտը ներսից է: Ռուսական շուկային հիմա անհրաժեշտ է մեծ քանակությամբ ձուկ, մենք այն կարող ենք ապահովել, սակայն չի ստացվում»,- մեծ ափսոսանքով նկատեց ձկնաբույծը՝ խուսափելով անուններ հնչեցնել:
Նշենք, որ կան խոշոր տնտեսություններ, որոնց թիկունքում սեփականատիրոջ կարգավիճակով կանգնած են հանրությանը հայտնի դեմքեր եւ բարձրաստիճան պաշտոնյաներ: Օրինակ՝ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ «Մխչյան Ֆիշ»-ը պատկանում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին: Իսկ «Էկո ֆիշ» եւ «Էմի ֆիշ» ընկերությունները բնապահպանները կապում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվան հետ:
Ի դեպ, նոյեմբերի 2-ին ձկան 1 կիլոգրամը երեւանյան սուպերմարկետներից մեկում վաճառվում էր 1700 դրամով, իսկ երեկ այն արդեն 1500 դրամ էր: Ըստ Բունիաթյանի՝ ձկնաբույծները չեն կարողանում արտահանել, ինչի արդյունքում էլ ինքնարժեքով են ձուկն իրացնում. «Այսօր ուզբեկները հեշտությամբ կարողանում են ռուսական շուկայում դոլարով վաճառել իրենց չիրը, չամիչը, լոբին, իսկ մենք՝ տեղական արտահանողներով, չենք կարողանում ընդհանուր հայտարարի գալ եւ որոշել ՌԴ-ում հայկական թառափը վաճառել 700 ռուբլիով, այլ ոչ թե 450-ով»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս