ԶՈՒԳԱՐԱՆԸ ՉԻ ՆՈՐՈԳՎԵԼ, ՍՊԱՍԱՐԿՈՂՆ ԷԼ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Երեւանի քաղաքապետարանից «Ժողովուրդ»-ին հավաստիացրին, որ մայրաքաղաքում գործող «Մալիբու» սրճարանի մոտ գտնվող գետնանցումի հասարակական զուգարանը սպասարկող «Անցումմեկ» անվամբ ընկերություն կա, այնուամենայնիվ, նրանց գտնելու մեր բոլոր ջանքերն ապարդյուն անցան. ՀՀ պետռեգիստրում այդպիսի անունով գրանցված կազմակերպություն չկա: Եվ քանի որ չկա պատասխանատու մարմին, հետեւաբար չկա նաեւ իրականացված աշխատանք, որի արդյունքում գետնանցումի զուգարանը չի մաքրվում:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոչինչ չի խնայում այս օրերին՝ ապացուցելու, որ ինքն օրնիբուն աշխատում է, մայրաքաղաքի համար սրտացավ է, տեղյակ է մայրաքաղաքում առկա բոլոր խնդիրներից. մի խոսքով, իր գործից հասկացող մարդ է: Այս կարծիքն են տարածում նաեւ իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները՝ բարձրաձայնելով, թե Տարոն Մարգարյանը լավագույն քաղաքապետն է:
«Ժողովուրդ» օրաթերթն ընդամենը մի քանի լուսանկարների միջոցով կփորձի ընթերցողներին ցույց տալ, թե որն է իրական Երեւանի պատկերը, եւ որն է Տարոն Մարգարյանի ու նրա թիմակիցների մատուցած մայրաքաղաքը:
Այս լուսանկարներն արվել են Մաշտոցի պողոտայում գտնվող «Մալիբու» սրճարանին հարակից գետնանցումում: Հստակ երեւում է, որ խորհրդային տարիներին կառուցված այս հասարակական զուգարանն այդպես էլ անխնամ է մնացել մինչ օրս: Թեեւ անցած տասնյակ տարիների ընթացքում հազար ու մի քաղաքային իշխանություն է փոխվել, դրանից կոնկրետ այս տարածքի արտաքին տեսքը չի փոխվել: Իսկ թե ինչ «անուշ բույր» է տարածվում այս զզվելի պատկերի արդյունքում, կարծում ենք՝ բացատրելու կարիք չկա:
Երբ «Ժողովուրդ»-ն արձանագրեց այս իրողությունը, անմիջապես դիմեց Երեւանի քաղաքապետարան՝ պարզելու, թե արդյոք կա որեւէ ընկերություն կամ պետական ատյան, որը պատասխանատու է կոնկրետ այս գետնանցումում գտնվող զուգարանի համար: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությունից տեղեկացանք, որ Երեւանի նախկին քաղաքապետի (Կարեն Կարապետյան) 2011թ. հոկտեմբերի 5-ի հ. 4616-Ա որոշման հիման վրա «Անցումմեկ» ՍՊԸ-ի հետ կնքվել է Մաշտոցի պողոտա հ20/4 հասցեում գտնվող գույքի օտարման եւ գրավի մասին պայմանագիր, որով ընկերությունը ստանձնել է մի շարք պարտավորություններ: Մասնավորապես` պայմանագրի 5.2.4 կետով՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից ընկերությունը պարտավոր է իր միջոցների հաշվին կատարել օտարվող գույքի, ինչպես նաեւ ստորգետնյա անցումի ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգում (այդ թվում՝ ընթացիկ) եւ պահպանում, օդափոխության կազմակերպում, աղբահանության եւ սանմաքրման աշխատանքների կազմակերպում, լուսավորության ապահովում, հասարակական զուգարանի կառուցում, կոյուղու եւ ջրագծերի անցկացում:
Առաջին հայացքից միանգամայն փայլուն տեքստ է: Ասել է թե՝ փաստաթղթերով Երեւանի քաղաքապետարանը (թեկուզ նախկին քաղաքապետի դեմքով) ջանք է գործադրել խնդիրը կարգավորելու համար: Իսկ թե ով պետք է հետեւի դրա իրականացմանը, այդպես էլ անհասկանալի է մնում: Ստացվում է՝ թղթով վերանորոգվել ու քաղաքակիրթ ձեւով սպասարկվում է զուգարանը, իսկ իրականում այնտեղ գարշահոտ է:
Մենք երկար փորձեցինք գտնել «Անցումմեկ» ՍՊԸ-ն, որպեսզի պարզաբանումներ ստանայինք, թե ինչու չեն կատարում իրենց աշխատանքը: Պարզվեց՝ այդպիսի կազմակերպություն գոյություն չունի: Անգամ ՀՀ ԱՆ պետական ռեգիստրում գրանցված չէ: Բա այսքանից հետո ինչպե՞ս չասենք՝ Տարո՛ն, գեղեցիկ չէ, Տարո՛ն, աշխատել է պետք, դատարկ փիառը խայտառակում է մարդուն: «Ֆեյսբուք»-ն էլ ապագա չէ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս