Եղբայրը «պրիտենզիա» չուներ քրոջ մերկ նկարները սոցցանցում տեղադրողի նկատմամբ. ինչպես կինը պատժեց դավաճան ամուսնուն ու նրա սիրուհուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամուսնու նախկին սիրուհու նկարները «odnoklassniki.ru» սոցիալական ցանցում տեղադրելու մեջ մեղադրվող Ռուզաննա Մնջոյանի վերաքննիչ բողոքը մերժվեց: Ինչպես հայտնի է՝ Ռուզաննան մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով և դատապարտվել տուգանքի 250 000 ՀՀ դրամի չափով: Նշենք, որ մեղադրող դատախազը միջնորդել էր Ռուզաննային դատապարտել տուգանքի՝ 300 000 ՀՀ դրամի չափով:

Հիշեցնենք, որ 37-ամյա Ռուզաննան մեղադրվում է այն բանի համար, որ «odnoklassniki.ru» սոցիալական կայքում ստեղծել է ամուսնու նախկին սիրուհու` Գայանեի անվամբ էջ, որտեղ, առանց վերջինիս համաձայնության, տեղադրել է նրա մերկ լուսանկարը: Գայանեի վերաբերյալ անձնական գաղտնիք պարունակող տեղեկություն տարածելու համար Ռուզաննային մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով:

Դատաքննության ընթացքում Ռուզաննայի անչափահաս որդին հայտարարել է, որ իրականում ինքն է լուսանկարը տեղադրել սոցիալական ցանցում` վրեժխնդրությունից դրդված, իսկ մայրն էլ, գործով ամբաստանյալ Ռ. Մնջոյանը հայտարարեց, որ ի սկզբանե չի ցանկացել, որպեսզի որդին ներքաշվի այս պատմության մեջ և նախաքննական մարմնին հայտնել է, որ ինքն է այդ լուսանկարները տեղադրել սոցիալական կայքում, սակայն իր 15-ամյա անչափահաս որդին պնդել է, որ պետք է դատարանում հայտնի այդ մասին: Տղան դատարանում հարցաքննվել է պաշտպանական կողմի միջնորդությամբ, որի ժամանակ հայտնել է, որ տանն ունեն մեկ համակարգիչ, որից օգտվում են բոլորը, սակայն մայրը չունի բավարար գիտելիքներ՝ համակարգչից օգտվելու համար. տղան մորը սովորեցրել է միայն, թե ինչպես նամակագրական կապ հաստատի և այդպես հաղորդակցվի ՌԴ-ում գտնվող ամուսնու և ընկերուհիների հետ

Անչափահաս տղան նաև նշել էր, որ տարիներ շարունակ իրենց տանը տեղի ունեցած վեճից հասկացել է, որ հայրը սիրուհի ունի, բացի այդ, տուժողն անընդմեջ զանգահարել է իրենց տուն, օրվա բոլոր ժամերին, անգամ հնչել են սպառնալիքներ տղայի հասցեին:

Տղան իր ցուցմունքում նշել էր նաև, որ «Odnoklassniki.ru» սոցիալական ցանցում այցելել է հոր անվամբ բացված էջը, որտեղ տեղադրված բազմաթիվ լուսանկարներում պատկերված են եղել հայրը, սիրուհին և 1 տարեկան երեխա, մի շարք նկարներում հայրն ու սիրուհին եղել են գրկախառնված: Հայրը տղային հավաստիացրել է, որ դա իր էջը չէ, իսկ վերջինս էլ խնդրել է, որպեսզի սիրուհին ջնջի այդ նկարները:

15-ամյա տղայի խոսքով՝չնայած իր խնդրանքներին՝ լուսանկարները սոցիալական ցանցից տուժողը չի հանել։ Ուստի՝ ինքն էլ որոշել է նոր էջ բացել տուժողի անվամբ և տեղադրել է հոր հիշողության կրիչի մեջ հայտնաբերած տուժողի մերկ լուսանկարները, որպեսզի, ինչպես անչափահաս վկան է ասել, «տեսնի ու ամաչի, ջնջի մյուս նկարները»:

Ի դեպ, դատաքննության ընթացքում վկայություն է տվել նաև տուժողի եղբայրը՝ Սիրեկան Խուդոյանը: Վերջինս հայտարարել է, որ ինքը կողմնակից է ավանդական հայկական ընտանիքներին և դեմ է եղել քրոջ ու նրա սիրեկանի արտաամուսնական հարաբերություններին, սակայն, ըստ նրա, փաստը մնում է փաստ, որ տղամարդը քրոջը խաբել է:

Ըստ վկայի՝ ամբաստանյալ Ռուզաննայի ամուսինը, ով եղել է նաև իր քրոջ «սիրեկանը», ասել է, թե նախկինում ամուսնացած է եղել իրենից 15 տարի մեծ եզդի մի կնոջ հետ և ներկայումս ամուսնալուծված է։ Վկայի խոսքով՝ «իր սրտով չի եղել, որ քույրը հանդիպում է ամուսնալուծված տղամարդու հետ», բայց քանի որ հասուն մարդիկ են եղել, թույլ է տվել, որ հանդիպեն: Իսկ հետագայում վկան տեղեկացել է, որ իրականում տղամարդն ունի կին և ընտանիք: Տուժողի եղբայրը հայտնել է նաև, որ սոցցանցում իր քրոջ մերկ լուսանկարով բացված էջով ինչ-որ մեկն այցելել է նույն սոցիալական ցանցի իր էջ և երբ տեսել է լուսանկարները, վկայի բնութագրմամբ, «գլխիս կրիշկեն թռավ»։

Ապա իմացել է, որ իր էջ է այցելել քրոջ սիրեկանի կինը, ով վկային ասել է, որ նրա քույրը քանդել է իր ընտանիքը, ուստիև՝ այդպես է արել։ Խուդոյանը դատարանում հայտարարել է, թե ինքը 15 րոպե ժամանակ է տվել՝ լուսանկարը սոցցանցից հանելու համար: Այնուհետև վկան զանգահարել է ամբաստանյալի ամուսնուն և ասել, որ անմիջապես գտնի, թե ով է տեղադրել այդ նկարները, «թե չէ վատ կլինի»: Վկայի այն հարցին էլ, թե որտեղից այդ լուսանկարը, ամբաստանյալը պատասխանել է, թե ամուսինը խմած-քնած է եղել, երբ ինքը նրա բջջայինից հանել է այդ լուսանկարներն ու տեղադրել սոցիալական ցանցում: Սակայն ամբաստանյալը հերքեց, որ ինքը նման բան է ասել վկային:

Ըստ վկայի՝ երբ քրոջ մերկ լուսանկարը տեղադրվել է սոցցանցում, ամբաստանյալն իրեն գրել է, որ այդ էջով նրա ընկերներին հյուր կգնա, որ խայտառակ կլինեն: Այդուհանդերձ, վկան հայտարարել է, որ ամբաստանյալի նկատմամբ «պրիտենզիա» չունի. ինքը խնդրել է քրոջ մերկ լուսանկարը հանել, նա էլ րոպեներ անց հանել է: Նշենք, որ միմյանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, դատարանը, մասնավորապես, պաշտպաններին դիտողություն արեց:




Լրահոս