ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ՄԻԱՍԻՆ ԵՆ ԱՃՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագծի՝ օրերս ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումը բազում հարցերի տեղիք տվեց: Նախագծով առաջարկվում է ավելացնել Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն, Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թվաքանակը:

Ըստ հիմնավորման՝ դատավորների թվի ավելացման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մեկ դատավորի տարեկան միջին ծանրաբեռնվածությունն ուսումնասիրվող ժամանակահատվածում գերազանցում է Երեւան քաղաքում մեկ դատավորի տարեկան միջին ծանրաբեռնվածությանը:
Նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն ասել է, որ մինչեւ 1996 թվականը, երբ Հայաստանի բնակչությունը 4 մլն է եղել, դատավորների թիվը եղել է 120, նրանք հասցրել են բոլոր գործերը քննել: Իսկ այժմ, երբ բնակչությունը 2 մլն-ի սահմաններում է, դատավորների թիվը հասել է 250-ի, բայց աշխատում են մեծ ծանրաբեռնվածությամբ:
Ավելին՝ պատգամավորին զարմացրել էր, որ նման ծանրաբեռնվածություն կա թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով: Նրա խոսքով, ոստիկանությունն ամեն տարի հաշվետվություն է ներկայացնում, թե հանցագործությունների թիվը կրճատվել է, բայց դատարաններում քննվող հանցագործությունների թիվը պաշտոնական ցուցանիշներով աճում է, աճում է նաեւ քաղաքացիական գործերի թիվը: «Ո՞նց կարող է այդքան քաղաքացիական գործ լինել 2 մլն բնակչության դեպքում, ուրեմն արդարադատություն չի իրականացվում, պատվերով է, դրա համար դատարանները գործերով հեղեղված են»,- ասել էր Ջհանգիրյանը:
«Ժողովուրդ»-ը փորձեց անմիջապես Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանից պարզել, թե ինչու եւ ինչ ծանրաբեռնվածության մասին է խոսքը:
– Պարո՛ն Ավետիսյան, իսկապես այդքան ծանրաբեռնվա՞ծ եք:
-Իհարկե, շատ ծանրաբեռնված ենք: Այսօրվա վիճակում Արաբկիրի դատավորները, հատկապես քրեական գործեր լսող դատավորները շատ ծանրաբեռնված են: Գիտեք՝ մասնագիտացում է արված, երեք հոգի լսում են քրեական գործերը, իսկ 7 հոգի՝ քաղաքացիական: Նախկինում 4 դատավոր էր քրեական գործերը լսող, հետո մեկը տեղափոխվեց քաղաքացիական դատարան եւ քաղաքացիական գործեր լսող դարձավ: Երկրորդ չնախատեսված բանը տեղի ունեցավ: Բանն այն է, որ քննչական բոլոր մարմինները` սկսած հատուկ քննչական ծառայությունից, վերջացրած ՀՀ քննչական կոմիտեով, իր ողջ ապարատով տեղափոխվեցին Արաբկիրի վարչական տարածք: Դրան ավելացնենք, որ երկու քննչական մարմին մինչ այդ արդեն կար` Արաբկիրի եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական մարմինները, դրան գումարած 4-րդ կայազորայինի քննչական վարչությունը, որը սպասարկում է Արարատյան դաշտավայրը, Աբովյանը: Միանգամից հսկայական ծանրաբեռնվածություն ավելացավ դատարանի վրա: Ամեն մի դատավորի մոտ 40 քրեական գործ կա, չհաշված մինչդատավարական վարույթները, քննիչների բողոքարկումները, եւ այլն, եւ այլն: Երբեք նման ծանրաբեռնվածություն չի եղել Արաբկիրում: Իրոք, ահավոր վիճակ է, եւ հետո դա ժողովրդի շահերից է բխում:
-Դուք նշում եք՝ ժողովրդի շահերից է բխում, բայց ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նախագծի քննարկման ժամանակ այլ տեսակետ հայտնեց: Ըստ նրա` 1996 թվականին Հայաստանում կար 4 մլն բնակչություն եւ 120 դատավոր, որոնք կարողանում էին լուծել բոլոր վեճերը, իսկ հիմա ունենք 2 մլն բնակչություն, 250-ից ավել դատավորներ, որոնք աշխատում են մեծ ծանրաբեռնվածությամբ: Պատգամավորի խոսքով՝ արդարադատություն չի իրականացվում, պատվերով է, դրա համար դատարանները գործերով հեղեղված են:
-Նախկինում արդարադատության համակարգում աշխատել եմ, ղեկավարել եմ այդ դատական համակարգը: Ճիշտ է ասում՝ այն ժամանակ քիչ է եղել դատավորների թիվը, բայց այն ժամանակ գործերի քանակն էլ էր պակաս, եւ նաեւ պահանջներն էլ այսպիսին չէին, ինչ-որ հիմա է:
-Ի՞նչ է փոխվել հիմա:
-Ավտոմեքենաների տուգանքները, հարկադիր կատարման ծառայության մասով վեճերն են շատ, որոնք նախկինում չեն եղել: Իրավական առումով նախկինում ամեն բանի համար դատարան չէին դիմում, հիմա ո՛չ քույր-եղբայր կա, ո՛չ հայր ու որդի կա, ով ասես, ում դեմ ասես՝ չի ներկայացնի, էլ չեմ ասում, թե վարչական մարմինների ակտերը ինչքան շատ են բողոքարկվում, ինչքան կատարման ենթակա փաստաթղթեր են ուղարկվում: Նշեմ նաեւ, որ եթե այն ժամանակ մի դատավճիռը գրվում էր մի 10 էջի վրա, ապա հիմա 80 հարյուր էջի վրա:
-Ինչո՞ւ:
-Եվրոպական չափանիշներ ենք … ինչեւէ, ծանրաբեռնվածությունը շատ է, երբեք այսպիսի ծանրաբեռնվածություն չի եղել:
Հավելենք, որ ուսումնասիրելով դատական տեղեկատվական համակարգը՝ նկատում ենք, որ բավականին շատ են քաղաքացիների դեմ վարկերի ուշացման կամ տարբեր ծառայությունների դիմաց չկատարած վճարումներով դատական հայցերը: Ասել է թե՝ բանկերը շահագրգռում են քաղաքացիներին, վերջիններս էլ բանկից վարկ են վերցնում, սակայն երբ չեն կարողանում գումարը մարել, թեկուզ հենց վարկերի բարձր տոկոսադրույքների պատճառով, բանկը դիմում է դատարան՝ գումարը բռնագանձելու պահանջով: Նույն վիճակն է նաեւ ապառիկի չվճարումների հետ կապված: Այսինքն՝ սոցիալական վիճակի վատթարացմանը զուգահեռ դատական գործերի թիվը գնալով ավելանում է:

 

 

 

 
ԹԱՏԵՐԱԳԵՏԻ ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ՄԱՀԸ

Երեկ Երեւանի Զաքյան փողոցում գտնվող «Աստորիա» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել էր թատերագետ Լեւոն Մութաֆյանի դին:

Նշենք, որ կատարվածի մասին ոստիկանություն ահազանգել են հյուրանոցային համալիրի աշխատակիցները, եւ, ըստ նախնական վարկածի, թատերագետը հանկարծամահ է եղել: Իսկ թե ինչ գործ ուներ Լեւոն Մութաֆյանը հյուրանոցային համալիրում, եւ ով էր հայտնաբերել նրա դին, այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով armlur.am-ը շտապել էր «Աստորիա» հյուրանոցային համալիր: armlur.am-ի հետ զրույցում հյուրանոցային համալիրի գործերի կառավարիչ Մարինե Պողոսյանը պատմել էր, որ ժամը 11:20-ի սահմաններում Լեւոն Մութաֆյանը գնացել է հյուրանոց եւ ասել, թե լավ չի զգում իրեն, քանի որ ճանապարհից է եկել.«Մենակ էր, մարդ չկա իր հետ, ասեց՝ լավ չեմ զգում, լողանալու տեղ ունեք, ես պատասխանեցին, թե` այո: Ասեց՝ կարող եմ լողանալ, ասեցինք՝ այո, իհարկե: Իջավ ներքեւ, մի քիչ անցավ, մեր աշխատողը ներքեւում գործ էր անում, ասեց, թե Մար, ոնց որ դմփոցի ձայն լսեցի: Իջանք ներքեւ, դուռը խփեցի, տեսա՝ բաց էր, բացեցի, տեսա ներսում մարդ չկա, հետո տեսա, որ բաղնիքի դուռը բաց էր, ու նա ընկած էր: Վալերյանկա ունեի ինձ մոտ, ասեցի վալերյանկան տամ, զգացի, որ չի շարժվում, շտապօգնություն կանչեցի: Շտապօգնության աշխատակիցներն էլ եկան, հարցրեցին, թե ձեռք տվել եք, պատասխանեցի, որ ոչ, պարզապես ուզում էի վալերյանկա տալ` մտածելով, միգուցե, ուշագնաց է եղել»:
Ըստ մեր զրուցակցի՝ շտապօգնության աշխատակիցները հյուրանոցի կառավարչին հայտնել են, որ թատերագետը հանկարծամահ է եղել: Ավելին՝ Մարինե Պողոսյանից պարզեցինք, որ դեպքը տեղի է ունեցել ընդամենը կես ժամվա ընթացքում.«Դե, արդեն հայտնեցի, որ 11:20-ի սահմաններում էր եկել, եւ կես ժամ էլ չէր անցել, որ մեր աշխատակիցը դմփոցի ձայնը լսեց, ու մենք էլ իրավապահներին հայտնեցինք»:
Նշենք, որ թատերագետի հետ կատարվածը իրավապահների մոտ մի շարք կասկածելի հարցեր է առաջացրել: Բանն այն է, որ Լեւոն Մութաֆյանը ընտանիքի անդամներին հայտնել է, որ գնում է հանդիպման, սակայն նրան գտել են հյուրանոցում եւ այն էլ մահացած: Անտրամաբանական է նաեւ, թե ինչո՞ւ է բաղնիք մտնելուց առաջ թատերագետը իր հյուրանոցային համարի դուռը բաց թողել: Չի բացառվում, որ այդ ընթացքում որեւէ մեկը մտել է սենյակ: Իսկ մտե՞լ է, թե ոչ, ցույց կտա ժամանակը:
Հավելենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն՝ պարզելու Լեւոն Մութաֆյանի մահվան հանգամանքները: Դատաբժշկի կողմից դիակի նախնական զննության արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 
ԽՂՃԱՑ ՈՒ ՉԲՈՂՈՔԵՑ
Ամենայն հավանականությամբ առաջիկայում կկարճվի «Ղարաբաղ կոմիտեի» նախկին անդամ Սամսոն Ղազարյանին ծեծի ենթարկելու փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Սամսոն Ղազարյանը հարձակման էր ենթարկվել Արաբկիր համայնքի Մամիկոնյանց փողոցում: Սեւ գույնի «Գազ 24» մակնիշի 062 ԼԼ 10 համարանիշով մեքենայից Բակուր Փայտյանը մոտեցել էր Ղազարյանի վարած տաքսի ավտոմեքենային, քաշքշել, հարվածել ու հեռացել: Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սամսոն Ղազարյանը պատմեց, որ այս երկուշաբթի իրեն կանչել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ եղել է նաեւ իրեն ծեծի ենթարկողը. «Այդ տղան պատմեց, թե ինչի համար է հարվածել ինձ: Եկավ, մեղա եկավ, ասաց՝ սխալ բան է ստացվել: Հետո էլ իմացա, որ վարձով է ապրում, խեղճ վիճակում է, երկու անչափահաս երեխա ունի: Ավելին՝ առերեսման ժամանակ համոզվեցի, որ այդ քաղաքացին ոչ մեկի կողմից ուղարկված չի եղել, պարզապես երիտասարդն իմ վրա է հարձակվել, որպեսզի ճշտի, թե այդ վայրից ինչ-որ կոնկրետ մարդու ինչ-որ տեղ տարել եմ, թե ոչ: Դե, ինչ ասեմ, ասեցի, որ բողոք չունեմ: Խորհուրդ տվեցի, որ նման բան այլեւս չանի»,- պատմեց Սամսոն Ղազարյանը:
Հավելենք, որ ՀՀ քննչական կոմիտեում փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ հատկանիշներով): Բայց քանի որ տուժողը ետ է վերցրել իր բողոքը, հետեւաբար քրեական գործն առաջիկա օրերին կկարճվի:

 

ԹՄՐԱՄԻՋՈՑ ԻՐԱՑՆԵԼԻՍ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս Աջափնյակ վարչական շրջանում թմրամիջոց իրացնելու կասկածանքով երկու անձ է բերման ենթարկվել: Ավելի ուշ քննիչները միջնորդություն են ներկայացրել դատարան՝ բերման ենթարկված երկու տղամարդկանց նկատմամբ, որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ: Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը: Դեպքի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի հատկանիշներով (հոգեներգործուն նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը պատժվում է ազատազրկմամբ երեքից յոթ տարի ժամկետով):

 

ՆՈՐ ՎՃԻՌ
ՄԻԵԴ-ը հերթական վճիռն է կայացրել Հայաստանի Հանրապետության դեմ: Դատարանը հրապարակել է «Սահակյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը՝ ճանաչելով Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 5-րդ հոդվածի` ազատության իրավունքի խախտում: ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է 3000 եվրո վճարել Հայկ Սահակյանին՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:




Լրահոս