ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁՆ ԷԼ ՈՉԻՆՉ ՉԻ ՀՈՒՇՈ՞ՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հիմնավորման համար հաճախ է մեջբերվում արեւմտաեվրոպական երկրների փորձը: Չժխտելով հանդերձ դրա կարեւորությունը` հարկ է ուշադրություն դարձնել նաեւ նախկին ԽՍՀՄ երկրների, ինչպես նաեւ Հայաստանի հարեւան պետությունների սահմանադրական զարգացման առանձնահատկություններին: Որքան էլ եվրոպական կայացած ժողովրդավարությունները գրավիչ են, այդուհանդերձ, մեր երկրի պայմաններն ու տիրող դրությունն առավել զգալի աղերս ունեն տարածաշրջանում գերակա միտումների հետ:

Այսպես, Հայաստանի իշխանությունը հաճախ է հիշատակում վրացական փորձը, որտեղ նախագահական համակարգից անցում կատարվեց խորհրդարանականի: Նախ հարկ է նկատել, որ 1995թ. վրացական Սահմանադրության ընդունումը տեղի էր ունեցել խորհրդարանի մակարդակով: Դրանով էին պայմանավորված 2004թ. Սահակաշվիլիի հաղթանակից հետո ձեռնարկված փոփոխությունները, որոնք կրկին տեղի ունեցան խորհրդարանի մակարդակով: Իր իշխանությունը կառավարության ղեկավարի կարգավիճակով շարունակելու համար Սահակաշվիլին 2010թ. կրկին փոխեց Սահմանադրությունը: Արեւմտյան շրջանակների ազդեցությունն, այդուհանդերձ, թույլ չտվեց Սահակաշվիլու երրորդ «նախագահությունը», եւ հարաբերականորեն արդար ընտրությունների արդյունքում 2012թ. Վրաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն: Նոր վարչապետ Իվանիշվիլին, սակայն, կարճ ժամանակ անց հեռանալով իշխանությունից` ցայսօր պահպանում է իր մեծագույն ազդեցությունը վարչապետի ու նախագահի նկատմամբ, ինչի վառ վկայությունն էր հենց Սերժ Սարգսյանի վերջին այցելությունը Վրաստան, որտեղ նրա հիմնական ուղեկիցը ոչ այնքան Մարգվելաշվիլին ու Ղարիբաշվիլին էին, որքան որեւէ պաշտոն չզբաղեցնող Իվանիշվիլին: Արձանագրելի է, որ Վրաստանում ամեն նոր իշխանություն սեփական շահերին է ծառայեցրել սահմանադրական փոփոխությունները, ինչն այսօր հանգեցրել է Իվանիշվիլու փաստացի «գենսեկությանը»: Ըստ էության, Վրաստանի ներկայիս զարգացման տեմպերը մեծապես պայմանավորված են Արեւմուտքի հետաքրքրություններով, եւ կասկած չկա, որ եթե Վրաստանի կողմնորոշումը լիներ դեպի հյուսիս, ապա այս երկրում հազիվ թե Հայաստանից տարբերվող իրավիճակ լիներ: Ի դեպ, Լեւոն Տեր-Պետրոսյանի «… ինչով է պակաս Իվանիշվիլիից» արտահայտությունը կարծես Սերժ Սարգսյանին դուր է եկել, եւ վերջինս որոշել է սեփական փորձով ապացուցել, որ ինքն էլ ոչնչով պակաս չէ Իվանիշվիլիից:
Նախագահական կառավարման համակարգից խորհրդարանականի անցնելու մեկ այլ օրինակ ցույց տվեց Ուկրաինան: Այստեղ Սահմանադրությունն ընդունվել է 1996թ.` կրկին խորհրդարանի կողմից: 2004թ. հեղափոխական գործընթացների արդյունքը եղան սահմանադրական փոփոխությունները, որոնք զգալիորեն թուլացրին նախագահի ինստիտուտը: Արդեն 2010թ. այս փոփոխությունները չեղարկվեցին` վերադարձ կատարելով առաջին սահմանադրությանը: 2014թ. հեղափոխական իրադարձությունների հետեւանքով 2004թ. փոփոխությունները կրկին վերականգնվեցին: Ակնհայտ է, որ Ուկրաինայում նույն իրավիճակն է, երբ ամեն նոր իշխանություն, ելնելով քաղաքական նպատակահարմարությունից, վերաձեւում է երկրի մայր օրենքը` այն համապատասխանեցնելով իր շահերին: Այսօր Ուկրաինայում կառավարական քաոս է, որտեղ տիրապետող են ձեւական առումով իշխանությունից դուրս գտնվող օլիգարխները:
Այս երկու երկրների օրինակները, մասնավորապես դրանց քաղաքական անկայունությունն ու ինստիտուտների անկատարությունը, ապացույցն են այն բանի, որ Սահմանադրությունն ու հատկապես կառավարման համակարգը ձեւավորող դրույթները չի կարելի փոփոխել ամեն պատեհ առիթով եւ առանձնապես խորհրդարանի մակարդակով:
Հայաստանի քաղաքական էլիտայի համար արեւածագի երկիր Ռուսաստանում ԽՍՀՄ փլուզումից հետո Սահմանադրության ընդունումը տեղի է ունեցել 1993թ.: Այս երկրում Սահմանադրությունն ընդունվել է համաժողովրդական քվեարկության միջոցով, սակայն 2008թ. փոփոխությունները տեղի ունեցան խորհրդարանի համաձայնության եւ նախագահական ստորագրության միջոցով միայն: Այս փոփոխություններով Ռուսաստանում, ըստ էության, էլ ավելի ամրապնդվեց նախագահական իշխանությունը, սակայն կառավարման համակարգի արմատական փոփոխություն տեղի չունեցավ: Հակակշիռների մեխանիզմի արդյունավետության նահանջով հանդերձ` Ռուսաստանը խուսափեց քաղաքական անկայունությունից, ինչը, հարկավ, նաեւ պայմանավորված էր Պուտինի անձնական խարիզմայով:
Իսկ Հայաստանի հարեւան Թուրքիան, օրինակ, Օսմանյան կայսրության անկումից ի վեր ունեցել է 4 Սահմանադրություն: Վերջին Սահմանադրությունն ընդունվել է 1982թ. ժողովրդական քվեարկությամբ: Այս երկրում նախագահի ընտրության կարգը փոխելու համար 2007թ. տեղի ունեցավ սահմանադրական փոփոխություն` կրկին համաժողովրդական հանրաքվեի միջոցով: 2010թ. նախաձեռնվեցին նոր փոփոխություններ` ավելի շեշտելով աշխարհիկ կառավարման հատկանիշները: Խորհրդարանական վերջին արտահերթ ընտրություններում հաղթելուց հետո Էրդողանն առաջարկել է իրականացնել սահմանադրական նոր փոփոխություններ` նախագահին կառավարման համակարգում կենտրոնական դերակատարություն հատկացնելու համար:
Ամփոփելով կարող ենք փաստել, որ Հայաստանի «հավերժական դաշնակից» Ռուսաստանը այդպես էլ չհրաժարվեց ուժեղ նախագահական համակարգից, իսկ «հավերժական թշնամի» Թուրքիան աստիճանաբար հեռանում է կառավարման խորհրդարանական մոդելից: Ինչ վերաբերում է խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարած Վրաստանին եւ Ուկրաինային, ապա այստեղ մերթ ընդ մերթ լարվում են նախագահի եւ կառավարության ղեկավարի հարաբերությունները` քաղաքական անկայունության վերածվելու վտանգով: Ուշագրավ է, սակայն, որ բոլոր վերը նշված երկրներում նախագահը ընտրվում է ժողովրդական ուղղակի քվեարկության միջոցով: Մի բան, որն այս սահմանադրական փոփոխությունների կյանքի կոչվելու դեպքում Հայաստանում այլեւս տեղի չի ունենա:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 
ՏՆՕՐԵՆԸ ԴԵՂԵՐԸ ՉԻ՞ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
Տեւական ժամանակ է, ինչ ՀՀ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի բնակիչ Հարություն Համամջյանը բաց նամակով դիմում է «Ժողովուրդ» օրաթերթին եւ հայտնում, որ «Ապարան» բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Շմավոնյանը իրեն չի տրամադրում արյան գերճշման դեմ նախատեսված դեղամիջոցները:
Ի դեպ, տեղեկացնենք, որ «Ժողովուրդ»-ի՝ հոկտեմբերի 22-ի համարում տպագրված Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի բնակչի՝ Հարություն Համամջյանի բաց նամակի հիման վրա քրգործ է հարուցվել: Իսկ բաց նամակում Հ. Համամջյանը նշել էր, որ ինքն ունի 4 անբուժելի հիվանդություն: «Հոգեկան փոքրիկ խնդիրներ, որոնք ձեռք եմ բերել 1985 թվականին, սովետական բանակում: Ունեմ սրտի բնածին արատ, որի դեմ խմում եմ կոնկոր տեսակի դեղահաբ: Ուղեղի ցնցման դեմ մասնակի բուժում եմ ստանում, իսկ իբրեւ հետեւանք մնացել է արյան գերճնշումը: Դա ներգանգային ճնշում է, ամեն օր դեղահաբեր եմ խմում արյան ճնշման դեմ: Դրանք թանկարժեք դեղեր են, իսկ ես այդքան ֆինանսներ չունեմ: Դեղատներին պարտք եմ ավելի քան 40 հազար դրամ: Ես 2-րդ կարգի հաշմանդամ եմ, ստանում եմ 19 հազար դրամ, բայց միայն 25-30 հազար դրամ ամսական իմ ճնշման դեղերն արժեն, որոնք պարզապես չի տալիս Ապարանի բուժկենտրոնի տնօրեն Հայկ Շմավոնյանը: Նա ինձ վրա էքսպերիմենտ է անում, որը արգելվում է ՀՀ օրենքով եւ Սահմանադրությամբ»,- նշված է եղել քաղաքացու բաց նամակում:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Ապարան» ԲԿ-ի տնօրեն Հայկ Շմավոնյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը, որ վերջինս քաղաքացուն չի տրամադրում անհրաժեշտ դեղերը: «Ես շատ լավ ճանաչում եմ Հարություն Համամջյանին: Քրգործ է հարուցված, եւ մենք բոլոր նյութերը ներկայացրել ենք քննչական մարմնին: Մարդ պետք է ճնշում ունենա, չէ, որ մենք իրեն դեղամիջոց տրամադրենք: Ինքը ինչ-որ թղթի վրա գրված դեղերի անուններ է բերում ու ասում, որ սրանք ինձ պետք են: Դեղը սնունդ չէ, այն տալիս են այն ժամանակ, երբ դրա կարիքը կա: Ես չեմ կարող, որպես տնօրեն, բոլորին ամեն օր ստուգեմ»,- արդարացավ ԲԿ-ի տնօրենը:
Վերջինս նշեց նաեւ, որ դժգոհող քաղաքացուն իր հոգեկան խնդիրների համար անհրաժեշտ դեղորայքը անվճար է տրամադրվում: Ավելին՝ ԲԿ-ի տնօրենը հայտնեց, որ Համամջյանը իրենց բուժկենտրոնում «պառկել է»: «Հետո՝ մենք իրեն ուղարկել ենք հետազոտման: Բայց նա Երեւանում բուժզննում անցած արդյունքները չի ներկայացրել: Ասում է՝ այս դեղերը ինձ նշանակել են, հարցնում եմ՝ ո՞վ, պատասխանում է՝ Երեւանի բժիշկը: Բայց Երեւանի բժիշկը չի կարող նման սովորական թղթերի վրա նշանակումներ անել: Բժիշկը դեղերի անունները գրում է հատուկ թղթի վրա»,- պարզաբանեց հայաստանյան հիվանդանոցներից անտեղյակ երեւացող Շմավոնյանը:
Սակայն Համամջյանը համառորեն պնդում է, որ ԲԿ-ի տնօրենն իրեն չի տրամադրում «արյան գերճնշման» դեմ համապատասխան դեղերը: Ի դեպ, վերջինս Շմավոնյանից պահանջել է նաեւ իրեն տրամադրել այն անհրաժեշտ փաստաթղթերը, որոնցով կկարողանա հաշվառվել Երեւանի պոլիկլինիկաներից որեւէ մեկում: Տեսնենք` խնդիրն ինչ լուծում կստանա:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

 
ՅՈՒՐԱՑՐԵԼ ԵՆ

Մոտ 8 տարի առաջ Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղի մշակույթի տունն ավերվել, թալանվել է: Այնտեղից տարել են ինչ հնարավոր է: Տարիներ ի վեր չգործող մշակույթի տան մուտքի մոտ մոշուտ է առաջացել: Սակայն դա չի խանգարել, որ գյուղի մշակույթի տան 5 աշխատակիցները՝ տնօրենը, գրադարանավարը, հաշվապահը, հավաքարարը եւ երեխաների զարգացման կենտրոնի աշխատակիցը այդ բոլոր տարիներին աշխատավարձ ստանան:

Խաշթառակ համայնքի բյուջեն շուրջ 28 միլիոն դրամ է, չգործող մշակույթի տան աշխատակիցները տարիներ շարունակ համայնքի բյուջեից ամսական ընդհանուր առմամբ ստացել են 450-480 հազար դրամ աշխատավարձ: 2015թ. սեպտեմբերի 20-ին Խաշթառակ համայնքի ղեկավար է ընտրվել Անդրանիկ Վիրաբյանը: Նա գյուղի ավերված, փաստացի չգործող մշակույթի տան 5 աշխատողներին հայտնել է, որ համայնքապետարանը չպետք է ֆինանսավորի չգործող մշակույթի տունը: Հոկտեմբերի 1-ին մշակույթի տան 5 աշխատակիցները դիմում են գրել աշխատանքից ազատվելու մասին: Համայնքի ղեկավարը մշակույթի տան գործունեությունը դադարեցնելու համար դիմել է հարկային տեսչություն: Մշակույթի տան 5 աշխատողներից 2-ի ամուսինները նախկինում եղել են համայնքի ավագանու անդամ, նրանցից մեկը վերընտրվել է 2015թ. սեպտեմբերի 13-ին կայացած Խաշթառակի ավագանու ընտրություններում: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունից «Ժողովուրդը» տեղեկացավ, որ Խաշթառակի մշակույթի տան հետ կապված քրեական գործ է հարուցվել «Յուրացում» հոդվածով: Քննությունը շարունակվում է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս