Արդեն երկու օր է` ԲՀԿ ներսում բավական լարված իրավիճակ է: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի երդմնակալության հատուկ նիստին մասնակցել են նաեւ Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի երկրորդ եւ երրորդ հորիզոնականը զբաղեցնող Գուրգեն Արսենյանն ու Աբրամ Մանուկյանը: Ու այդ հանգամանքը դուր չի եկել ԲՀԿ ներսում շատերին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԲՀԿ-ականներից մեկն անկեղծացել է. «Եթե ԲՀԿ-ական գործարարները գնացել էին, դա ոչինչ. նրանք քաղաքական դեմք չեն, նրանց նույնիսկ ԲՀԿ-ական չենք համարում: Բայց Արսենյանի ու Մանուկյանի գնալն անընդունելի է, որովհետեւ եթե Ծառուկյանն անձամբ չի գնում ու խմբակցության անդամներին թողնում է ազատ, պետք է այդքանը հասկանային ու չգնային, մանավանդ որ խմբակցության մեծ մասը չի գնացել այդ նիստին»: Գ. Արսենյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց խմբակցության ներսում իրենց դեմ լարվածության մասին լուրերը: Իսկ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը երեկ հայտարարեց. «Այն պատգամավորները, որոնք եղել են Մարզահամերգային համալիրում, դա արել են սեփական որոշմամբ եւ սեփական պատասխանատվությամբ»:
ԽԱՌՆ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ