Արագածոտնի մարզի Գեղարոտ համայնքի ղեկավար Բագրատ Բայրախտարյանի փեսան` 44-ամյա Ֆահրադ Աբրահամյանը, ապրիլի 3-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել մի քաղաքացու եւ թողնելով անօգնական՝ դիմել փախուստի, իսկ երիտասարդը ճանապարհին մահացել է:
Վրաերթը տեղի է ունեցել Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Ապարանի «Հերոսամարտի հուշարձաններ»-ի հատվածում: Նշենք, որ համայնքապետի փեսան աշխատում է գյուղապետարանում որպես աշխատակազմի ղեկավար: Իսկ վրաերթի հետեւանքով մահացած երիտասարդը 23-ամյա Գեղամ Հայրապետյանն է, որը, ըստ մեր տեղեկությունների, աշխատում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում:
Դեպքի կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Բագրատ Բայրախտարյանի հետ:
-Պարո՛ն Բայրախտարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր փեսայի արարքը, երբ մարդուն վրաերթի է ենթարկել եւ անօգնական թողնելով` դիմել փախուստի:
-Կոնկրետ չեմ կարող ասել, մի ժամ, թե կես ժամ հետո ես իմացել եմ դեպքի մասին ու անմիջապես շտապել այնտեղ: Իմ փեսան հարբած վիճակում չի եղել, եւ վստահ կարող եմ նաեւ ասել, որ այո՛, նման պատահար եղել է, բայց նա փախուստի չի դիմել, նման բան չկա:
-Բայց մամուլում նշված է, որ նա դիմել է փախուստի, միգուցե Դո՞ւք եք փորձում արդարացնել նրան:
-Ախր փախուստ չի եղել, այդ լուրերով են ոչ ճիշտ տեղեկություն տարածել, բայց նման բան չի եղել, քանի որ մենք դեպքի վայրում կանգնած ենք եղել, ու ոստիկանները եկել ու տարել են նրան:
-Այդ դեպքում կներկայացնե՞ք, թե ինչպես է պատահել դեպքն ըստ Ձեզ:
-Ճանապարհին փեսայիս դեմով մեքենա է եկել, այդ մեքենայի լույսերն այնքան ուժեղ են եղել, որ նա չի նկատել փողոցն անցնող տղային, մեքենան փախցրել է, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել այս դեպքը:
-Հետո գնացել, օգնե՞լ է քաղաքացուն, թե՞…
-Ո՛չ, նա գնացել է մեքենայով դեպքի տեղից մի 200 մ վերեւ, կանգնել եւ զանգահարել է, մենք ենք եկել, իսկ այդ ընթացքում շտապօգնությունը վրաերթի ենթարկված տղային տարել է հիվանդանոց: Եթե նա փախուստի դիմած լիներ, հիմա աշխարհի եսիմ որ ծայրում կլիներ, կամ էլ տանը կամ էլ չգիտեմ որտեղ, ես փախուստն այդպես եմ պատկերացնում:
-Այսինքն՝ կարող էր եւ նման բա՞ն լինել: Իսկ այդ դեպքում ինչպիսի՞ն կլիներ Ձեր դիրքորոշումը:
-Առաջինը՝ ես թույլ չէի տա, որ նա փախուստի դիմեր, իսկ թե կարդարացնեի նրան կամ չէի արդարացնի, չեմ կարող ասել:
-Թեեւ պնդում եք, որ փախուստ չի եղել, բայց հաշվի առնելով այն փաստը, որ նա, բացի Ձեր փեսան լինելուց, նաեւ Գեղարոտի համայնքապետարանում որպես աշխատակազմի ղեկավար է աշխատում, մարզպետին դեպքի մասին տեղյակ պահե՞լ եք:
-Չգիտեմ՝ նա տեղյակ է, թե ոչ, ես տեղյակ չեմ պահել մարզպետին այդ մասին:
-Ինչո՞ւ, նպատակահարմա՞ր չեք գտել, թե՞ «վախեցել եք» մարզպետի պատժից:
-Չէ՛, ուղղակի մտքովս չի անցել:
-Վերջիվերջո, երիտասարդ տղա է մահացել, որպես գյուղապետ՝ զրուցե՞լ եք նրա հարազատների հետ` բացատրելով եղելությունը եւ ցավակցելով:
-Առայժմ ո՛չ, բայց կզրուցեմ:
-Իսկ որպես գյուղապետ՝ միջամտելո՞ւ եք Ձեր փեսային արդարացնելու կամ պատիժը մեղմելու հարցում, թե՞ թողնելու եք՝ օրենքը գործի:
-Ես պարտավոր եմ օգնել իմ քրոջ ամուսնուն: Ի՞նչ եք կարծում, հարազատին ո՞նց կարող եմ չօգնել, իսկ օրենքը չգիտեմ՝ ոնց կգործի:
Ժողովուրդ-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացավ, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 244-րդ հոդվածի հատկանիշներով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը տրանսպորտային միջոց վարող եւ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած անձի կողմից` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա): Ֆահրադ Աբրահամյանը կալանավորված է: Նախաքննությունը շարունակվում է:
ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՓԱԽՈՒՍՏՆ ԱՅԼ ԿԵՐՊ Է ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ