ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ վճռաբեկ դատարանը քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի նախագահությամբ երեկ մասնակի բավարարեց ՀԱԿ չորս երիտասարդ ակտիվիստների բողոքը եւ նրանց դեմ հարուցված քրգործն ուղարկեց վերաքննիչ դատարան` նոր քննության: Հիշեցնենք, որ ՀԱԿ չորս երիտասարդները` Տիգրան Առաքելյանը, Սարգիս Գեւորգյանը, Արտակ Կարապետյանն ու Դավիթ Քիրամիջյանը դատապարտվել էին 6-2 տարվա ազատազրկման. այս պահին կալանքի տակ է Տ. Առաքելյանը, որի նկատմամբ ամենաբարձր պատիժն էր սահմանված՝ 6 տարվա ազատազրկում: Իսկ մյուս երեք երիտասարդների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը: Չնայած հորդառատ անձրեւին ու ցուրտ եղանակին՝ վճռաբեկ դատարանի մոտ բողոքի ակցիա էին անցկացնում ՀԱԿ ներկայացուցիչները: Վճռի հրապարակումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Սարգիս Գեւորգյանը հայտարարեց, թե վճռաբեկ ատյանի որոշումն ընդամենը նորից ժամանակ շահելու եւ իրենց ճնշման տակ պահելու միտում ունի: «Վճռաբեկն ուղղակի արտաբերեց Սերժ Սարգսյանի կայացրած որոշումը, ու դատարանից ինչ-որ բան ակնկալել՝ նշանակում է լինել չափազանց միամիտ»,-ասաց նա` հավելելով, թե այս որոշումն աբսուրդ է:

ԱՀԱԲԵԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկվա ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իշխանությունները քաղաքական որոշում են ունեցել ՀԱԿ-ին ավագանու կազմ չթողնել: Ըստ նրա՝ պատճառը եղել է ՀԱԿ-ի վարած ագրեսիվ քարոզարշավն ընդդեմ Տարոն Մարգարյանի: «Բոլորս ականատես ենք լինում, թե ինչ հանցավոր միջավայրում ենք ապրում: Այդ միջավայրի գլխավոր հանցագործն իշխանությունն է: Իրենք օգտագործել են պետական ռեսուրսները, գողական տղերքին, պոռնիկներին, կրիմինալին, ընտրազանգվածին ահաբեկել են, եղել է բազմակի քվեարկության իրականացում, կարուսել: Ցավալի իրականություն է սա: Հայաստանում հաստատվել է ամբողջատիրական, գողապետական համակարգ»,-ասաց նա՝ հավելելով, որ Երեւանի բակերում ՀՀԿ ենթաշտաբներն իրականում ոչ թե քարոզչական նպատակների են ծառայել, այլ եղել են «վերահսկողության, ահաբեկման կենտրոններ»:




Լրահոս