ՄԱՀԱՓՈՐՁ ԴԵԴ ՀԱՍԱՆԻ ՄԵՐՁԱՎՈՐԻ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 10-ին ՀՀ ոստիկանությունը մի սկանդալային սպանություն կանխեց: Պարզվում է՝ 8 հոգով ցանկանում էին սպանել քրեական հեղինակություն համարվող գավառցի Ռաֆիկ Մադոյանին, որը Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի մերձավոր շրջապատից է: Ուշագրավն այն է, որ հանցախմբի մեջ կա 83-ամյա մի պապիկ:
Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ սպանություն կատարելու նախապատրաստման կասկածանքով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկվել՝ 55-ամյա Դավիթը, 43-ամյա Վարուժանը, 50-ամյա Արմենը, 22-ամյա Կարենը, 52-ամյա Սարգիսը, 41-ամյա Արմենը, 48-ամյա Վահեն եւ 83-ամյա Վաչիկ պապիկը: Սակայն 35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանության նախապատրաստվելը) հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են միայն Սարգիսը, Արմենը, Վարուժանը, Արմենը, Վահեն եւ Դավիթը: Թե ինչու են 8-ից երկուսն ազատ արձակվել, կհիմնավորեն նախաքննություն իրականացնող քննիչները: Միայն հայտնի է, որ ազատ արձակված Վաչիկի բնակարանից ոստիկաններն առգրավել են 5.6 մմ տրամաչափի 21 փամփուշտ, ինքնաձիգի համար նախատեսված օպտիկական սարք, 33 սմ երկարությամբ դանակ, 41 եւ 98.5 սմ երկարության 2 թուր՝ պատյաններով:
Այս ընթացքում «Ժողովուրդ»-ին միայն հաջողվեց պարզել, որ նշված խմբի անդամները ցանկացել են սպանել Գավառ քաղաքի բնակիչ 44-ամյա Ռաֆիկ Մադոյանին, որը Մոսկվայում գտնվող «Շաշլիկ-մաշլիկ» եւ «Նանի տուն» հաստատությունների հիմնադիրն է: Գավառցի Ռաֆիկը հայտնի քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի մերձավորն է: Ինչպես հայտնի է, Հասանը համարվում էր բարձրագույն դատավոր, որը լուծում էր հակամարտող քրեական խմբավորումների միջեւ առկա բարդ կոնֆլիկտները: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին նա սպանվեց:
Իսկ գավառցի Ռաֆիկը սերտորեն կապված է նաեւ գանգստեր Ալիկ Բանդուլյանի հետ, որը 2011-ի գարնանը Դեդ Հասանի կողմից թագադրվել էր որպես «օրենքով գող»:
Հիշեցնենք, որ 2011-ի դեկտեմբերի 17-ին նույն Ռաֆիկ Մադոյանի նկատմամբ մահափորձ իրականացվեց Մոսկվայում: Նա իր թիկնապահ 31-ամյա Ավագյանի հետ ավտոմեքենայով գնացել էր Սայանսկի փողոցում գտնվող իր տուն: Երբ բացել էր շքամուտքի դուռը, դիպուկահարը կրակ էր արձակել: Սակայն գնդակը չէր դիպել Ռ. Մադոյանին, այլ ուսից վիրավորվել էր թիկնապահ Ավագյանը:
Փաստորեն, քրեական «ռազբորկաները» Հայաստան են տեղափոխվել: Լավ է, որ այս անգամ ոստիկանները կանխեցին արյունահեղությունը: Հետաքրքիր է՝ Ռ. Մադոյանի սպանության պատվիրատուները կշարունակե՞ն հետապնդել նրան Հայաստանում, թե՞ կսպասեն, մինչեւ Մոսկվա մեկնի:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս