Քանաքեռցի Տույի զարմիկը զինծառայողին ինքնասպանության փորձի՞ է դրդել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին ինքնասպանության փորձ է կատարել զինծառայող Ռազմիկ Աբրահամյանը: ArmLur.am-ը հայտնել է, որ զինծառայողը վիրավորումը ստացել է կրծքավանդակի հատվածում: Նրան շտապ տեղափոխել են «Ճամբարակի» բժշկական կենտրոն: Այստեղ առաջին բուժօգնություն և վիրահատություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են «Կենտրոնական զինվորական հոսպիտալ»:

ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են զինծառայող Ռազմիկ Աբրահամյանի` ինքնասպանության փորձ կատարելու հանգամանքները, շարժառիթը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 3 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով 3 ժամկետային զինծառայող ներգրավվել է որպես մեղադրյալ:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ կրտսեր սերժանտ Վ. Տեր-Վարդանյանը,  շարքայիններ Ա. Կարապետյանի և  Ս. Մելքոնյանի հետ միասին, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները նրանց միջև ստորադասության բացակայության դեպքում, 2015 թվականի նոյեմբերի 22-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 9-ը, պարբերաբար ծաղրուծանակի են ենթարկել շարքային Ռ. Աբրահամյանին՝ ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը, որի հետևանքով նա դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11:55-ի սահմաններում, ինքնասպանության փորձ է կատարել:

Մասնավորապես` ինքնաձիգից կրակոց է արձակել իր կրծքավանդակի ուղղությամբ՝ իր կրծքավանդակի ձախ շրջանում պատճառելով հրազենային վնասվածք: Ռ. Աբրահամյանի հագուստների զննությամբ գրպանից հայտնաբերվել է նամակ՝ ուղղված իր հայրիկին, որում նշված է, որ իրեն ինքնասպանության են դրդել համածառայակիցները:

Եվ այսպես, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ զինծառայողին ինքնասպանության փորձի դրդելու փաստով հարուցված գործի շրջանակներում կալանավորված շարքային զինծառայողներից մեկը քրեական աշխարհում հայտնի Արթուր Ղազարյանի (Քանաքեռցի Տույ) զարմիկն է: Խոսքը Ալբերտ Կարապետյանի մասին է, ով դեպքը չլինելու դեպքում արդեն պետք է զորացրված լիներ:




Լրահոս