ՄԵԿ ԵԿԵՂԵՑԻ՞, ԹԵ՞ 16 ԿՈՄԲԱՅՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013թ. մայիսի 9-ին Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղում հանդիսավորությամբ օծվեց Սուրբ Դավիթ մարգարե եկեղեցին: Ներկայում եկեղեցիներ են կառուցվում մարզի Կողբ գյուղում, նաեւ Կողբի եւ Նոյեմբերյանի սահմանակից բարձունքում, Բերդում: Եկեղեցաշինությունը կարծես թե հիմա մոդայիկ է դարձել: Արտերկրում եւ Հայաստանում հարստացած անձը հայրենի բնակավայրում ոչ թե փոքր արտադրամաս կամ ջրագիծ է կառուցում, այլ եկեղեցի: Սահմանամերձ, հեռավոր Բարեկամավանում 2011թ. օգոստոսի 19-ին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռի օծման ժամանակ, բարեկամավանցիներն իրենց համագյուղացուն՝ մատուռի շինարարությունը ֆինանսավորած, Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի իրավապահ համակարգում բարձր պաշտոն զբաղեցնող Ցոլակ Միքայելյանին, խնդրեցին փոքր արտադրություն հիմնել, որ գյուղացիներն աշխատելու, գոյատեւելու հնարավորություն ունենան եւ չարտագաղթեն:
Բերդի տարածաշրջանի կենտրոն հանդիսացող Բերդ քաղաքում կառուցվում է Սուրբ Գեւորգ եկեղեցին: Այն այդպես է կոչվել, քանի որ Բերդում եղել է 1680թ. կառուցված, բավական մեծ չափերով եկեղեցի, որը 1930-ականներին քանդել են: Սուրբ Գեւորգ եկեղեցու հիմնարկեքը Բերդում կատարվել է մեկ տարի առաջ՝ 2012թ. մայիսի 20-ին: Այդ եկեղեցու կառուցման նախաձեռնությունը պատկանում է «Տավուշի հոգեւոր ծնունդ» հիմնադրամին: Ինչպես տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը, Սուրբ Գեւորգ եկեղեցու շինարարության ընդհանուր գումարը 450 մլն դրամ է, որի մեծ մասը Մայր աթոռն է տալիս: Բերդի տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Արամ քահանա Միրզոյանը մեզ հայտնել է, որ Մայր աթոռն այդ նպատակով տրամադրել է 900 հազար դոլար, որի գումարը նվիրաբերել է երջանկահիշատակ ամերիկահայ Ջոն Ստիվենսը: Բերդի տարածաշրջանում այժմ գործում են 2009թ. որոշ չափով վերանորոգված եւ որպես հոգեւոր օջախ գործարկված Տավուշ գյուղի (նախկին անունը՝ Թովուզ) Սուրբ Աստվածածին, 2011թ. օգոստոսին օծված Մովսեսի Սուրբ Աստվածածին եւ Վարագավանի Նոր Վարագավանք եկեղեցիները: Իհարկե, Բերդ քաղաքում եկեղեցի ունենալու պահանջ կա: Սակայն Բերդի տարածաշրջանի բնակիչները հարց են տալիս՝ ի՞նչ կարիք կա նման շքեղ եկեղեցի կառուցել այն դեպքում, երբ հիմա բառի բուն իմաստով գոյության պայքար է անտանելի ծանր սոցիալական պայմաններում:
Բերդի տարածաշրջանի գյուղերում շատ տարածքներ անմշակ են: Գյուղացիները հացահատիկ քիչ են ցանում, որովհետեւ հացահատիկահավաք կոմբայնները քիչ են, եղածների մեծ մասն էլ մաշված է եւ բերքահավաքի շրջանում օրերով շարքից դուրս է գալիս: Հացահատիկահավաք մեկ կոմբայնի գինը 70 հազար դոլարին համարժեք գումար է: Բերդի տարածաշրջանի բնակիչներն ասում են՝ եկեղեցու շինարարության համար ծախսվող 450 մլն դրամով Բերդի տարածաշրջանի բոլոր 16 գյուղերը կապահովվեին նոր կոմբայններով, կնվազեին անմշակ մնացած հողերը, սահմանամերձ, ռազմավարական նշանակություն ունեցող այդ տարածքից կպակասեր արտագաղթը: Հայը դարերի ընթացքում հազարավոր եկեղեցիներ է կառուցել, որոնց մեծ մասը հետո օտարին է մնացել: Պատմությունը ոչինչ չի սովորեցնում, այլ պատժում է դրանից դասեր չառածներին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս