ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐՆ ՈՒ ԻԼՀԱՄԸ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորին (Ֆրանսիա), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Յան Կելիին (ԱՄՆ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ժամանակ քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տարվող բանակցային գործընթացի ներկայիս իրավիճակը եւ հակամարտության կարգավորման հեռանկարները: Ադրբեջանից համանախագահները կմեկնեն Հայաստան:

ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ԼՍԵԼ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ, ԱԺ-ում ելույթ ունենալով, անդրադարձել է ընդդիմության դերակատարությանը: «Ես, լինելով Գերագույն խորհրդի նախագահության անդամ, հինգ տարի եղել եմ ընդդիմության շարքերում, եւ Լեւոն Զուրաբյանի այն բոլոր հայտարարությունները՝ իշխանության ցինիզմի, լկտիության, ամենաթողության մասին, զգացել եմ իմ վրա: Եվ համար մեկ դասը, որ ես ինձ համար քաղել եմ, կայանում է հետեւյալում. իշխանությունը պարտավոր է լսել ընդդիմությանը, նույնիսկ եթե այդ ընդդիմությունը պառակտված է, փոքրաթիվ եւ թույլ: Դա իշխանության պարտավորությունն է, որովհետեւ ընդդիմությունն առաջ է քաշում գաղափարներ, որոնք օգտակար կարող են լինել»,-ասել է երբեմնի ընդդիմադիր Տիգրան Սարգսյանը:

ՎԱԽԵՑՆՈՂ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«Բանկային համակարգում մրցակցությունն այսօր վախեցնող մակարդակի է հասել»,-այդ մասին երեկ ասել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ԿԲ 2012թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման մասին հաշվետվությունը ներկայացնելիս: «Աբսուրդ է, բայց մրցակցության առումով նույնիսկ ԱՄՆ-ից առաջ ենք»,-նշել է Ջավադյանը`  արձանագրելով, որ  վերջին 5 տարում ֆինանսական միջնորդությունը Հայաստանում աճել է 3,5 անգամ, իսկ վարկավորման ծավալները ՀՆԱ-ի 16%-ից հասել են 40%-ի:

ԽԱԲԵԼ ԵՆ
Երեկ ԱԺ-ի դիմաց մի խումբ ակտիվիստներ բողոքել են գազի գնի բարձրացման դեմ: ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանի հետ բանակցությունների արդյունքում  ակցիայի մասնակից հասարակական կազմակերպությունների հինգ ներկայացուցիչների թույլ է տրվել մասնակցել գազի սակագնի վերաբերյալ ԱԺ-ում ընթացող փակ նիստին: Րոպեներ անց, սակայն, հ/կ-ների ներկայացուցիչները դուրս են եկել ԱԺ-ից: Պարզվել է, որ նրանց կեղծ զանգով հրավիրել են դուրս` նշելով, թե ներքեւում սպասող ակտիվիստները միաբերան պահանջում են ներքեւ իջնել:

ՄՈՒՌ Է ՀԱՆՈՒՄ
«Առաջին լրատվականի»-ի տեղեկություններով` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Երեւանի ավագանու ընտրություններից հետո ՀՀԿ գրասենյակում բարձրացրել է բոլոր աշխատողների աշխատավարձերը` բացառությամբ ՀՀԿ մամլո խոսնակ եւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի օգնականների աշխատավարձերի:

ՀԵԾԱՆԻՎ ՉԻ ՍԻՐՈՒՄ
«Ա1+»-ի տեղեկացմամբ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը չի պատրաստվում կրճատել իր ծախսերը եւ թանկարժեք ավտոմեքենայով երթեւեկելու փոխարեն հեծանիվով գնալ աշխատանքի։ «Մարդիկ կան՝ ոտքով են գնում աշխատանքի, մարդիկ կան՝ հեծանիվներով, ոմանք ուղղաթիռներով, ոմանք՝ այլ տրանսպորտային միջոցներ են նախընտրում։ Թո՛ւյլ տվեք, որ ես իմ փոխադրման ձեւերն ինքս որոշեմ»,-երեկ ԱԺ-ում ասել է Տ. Սարգսյանը։

ԴԵ՞Մ Է
ՀՀ կառավարության ծրագրի քվեարկությանը չի մասնակցել ՀՀԿ-ական Նահապետ Գեւորգյանը՝ Նովոն: Թե ինչու, անհայտ է. նա չի սիրում պատասխանել լրագրողների հարցերին:




Լրահոս