Մատաղիսի գործով մեղադրյալներն այլեվս ազատ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2013 թ. մայիսի 29-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը վերադարձրել է Մատաղիսի գործով արդարացվածներ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի, Արայիկ Զալյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության դատախազների վճռաբեկ բողոքը։ Այս  մասին հաղորդագրություն է տարածել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, նշելով, որ արդարության գինը Հայաստանի Հանրապետությունում 9 տարի է:
“Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը, Արայիկ Զալյանը մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 14-րդ կետերով՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բողոքաբերների փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար։ Բողոքաբերների փաստարկները բավարար չեն նաեւ եզրահանգելու, որ սույն գործով վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերեւույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետեւանքներ։
Հիշեցնենք, որ 2013 թ. մարտի 26-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը “Մատաղիսի” գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թ. դեկտեմբերի 18-ի արդարացման դատավճիռը թողեց օրինական ուժի մեջ: Վերաքննիչ դատարանը մերժեց արդարացման դատավճռի դեմ մեղադրող կողմի եւ տուժող Ռոման Եղիազարյանի իրավահաջորդի վերաքննիչ բողոքները:
Ինը տարվա դժվար պայքարից հետո երիտասարդներն արդարացված են, սակայն արդարադատությունը այս գործի շրջանակներում վերականգնված համարել չենք կարող:
Դեռեւս բացահայտված չէ երկու զինծառայողներին կյանքից զրկողների, նրանց պատասխանատվությունից խուսափելու եւ երեք երիդասարդներին անօրինական հետապնդումների ենթարկող անձանց ինքնությունըե,-ասված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդագրության մեջ:




Լրահոս