ArmLur.am-ը ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործերով պարզվել են թիվ 5/21 ընտրատեղամասում երեք տարբեր անձանց փոխարեն քվեարկություն կատարելու հանգամանքները։
Նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ թիվ 5/21 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված Արտաշես Թարխանյանի,Վահագն Դանիելյանի և Ալբերտ Սահակյանի փոխարեն քվեարկել է նույն ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Թ.Վարդանյանը։
Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասը՝ քննիչը որոշում է կայացրել՝ նշված անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը միացնել մեկ վարույթում, և ձեռք բերված ապացույցների հիման վրա Թ.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով՝ երեք անձի փոխարեն քվեարկություն կատարելու համար։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։