«ԱՐՄԱՎԻԱ»-Ն 7 ԱՄԻՍ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՉԻ ՎՃԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարեցին «Արմավիա» ավիաընկերության արդեն նախկին աշխատակիցները եւ վրդովված պատմեցին, որ ընկերությունը աշխատանքից ազատել է իրենց, բայց նոյեմբերից չի վճարել աշխատավարձերը:
Մեզ զանգահարողները «Արմավիա»-ի նախկին օդաչուներն էին, բորտուղեկցորդները եւ ավիաինժեներները. «Արդեն որքան ժամանակ է՝ բոլորս տարբեր տեղերում բողոքում ենք, բայց որեւէ տեղաշարժ չենք նկատում: Մեր բոլոր ռասչոտներն արդեն արված են, մենք գործից ազատված ենք, 3 օրում պետք է մեր գումարները վճարեին, բայց օրենքը խախտելով՝ չեն տվել»: Աշխատակիցները բացահայտեցին, որ ընկերությունը գիշերային հաշվումներ է կատարել, ապա հետին թվով՝ վերահաշվարկ: Իրենք այդ ֆինանսական խախտումների առնչությամբ դիմել են, որպեսզի ընկերության սեփականատերը ֆինանսիստներ ուղարկի, ստուգեն: Սակայն Միքայել Բաղդասարովը չի ընդառաջել աշխատակիցներին:
«Բոլորին տարբեր տեսակի հրամաններ է տրված. մեկի պայմանագիրն են վերանում, մյուսին կրճատում են, մեզ տալիս են ընդամենը մի հատ թուղթ, որ էսքան իրենք մեզ պարտք են ու վերջ,-«Ժողովուրդ»-ին պատմեցին նախկին աշխատակիցները՝ բացահայտելով առավել սենսացիոն մի բան,-2011 թվականից սոցվճարներ չեն արվել մեր անունով: Իհարկե, պահումներն արվել են, աշխատավարձը ստացել ենք: Բայց հիմա պարզել ենք, որ մինչեւ 2013թ. նոյեմբեր ամիսն ընկերությունը սոցվճարներ չի արել: Մարդիկ կան, որ պետք է թոշակի գնան, այդ խնդիրն էլ լուծված չէ, մի խոսքով, խայտառակ իրավիճակում ենք հայտնվել»:
Մեր զրուցակիցները տեղեկացրին, որ իրենք նամակով դիմել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ու խնդրել հարցին լուծում գտնել: Ու եթե մի քանի օրվա մեջ իրենց հարցը չլուծվի, պատրաստվում են մայիսի 29-ին գնալ ՀՀ նախագահի նստավայրի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու:
«Ժողովուրդ»-ը փորձեց «Արմավիա»-ից պարզել, թե ինչ են պատրաստվում անել իրենց նախկին աշխատակիցների աշխատավարձերը վճարելու համար ու ինչու են խաբել մեր հանրապետությանը՝ զլանալով վճարել սոցվճարները: Սակայն ընկերության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության ծառայությունից որեւէ հուսադրող բան չասացին. «Տոներից հետո, երբ որ ղեկավարությունը կլինի քաղաքում, այդ ժամանակ կլինի այդ հարցի հետ կապված մեկնաբանություն: Այժմ որեւէ բան չենք կարող ասել»:
Իսկ ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանը «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչպես են արձագանքում «Արմավիա»-ի նախկին աշխատակիցների նամակին, տեղեկացրեց, թե նամակն ուղարկվել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն: Այս վարչության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության ծառայության ղեկավար Նելլի Չերչինյանն էլ «Ժողովուրդ»-ին ասաց. «Մենք քիչ առաջ ենք նամակը ստացել, եւ դա ուղարկվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն եւ ՊԵԿ: Քանի որ մենք նոր ենք ստացել, դեռեւս հարցը քննարկման փուլում է, տոն օրերից հետո ձեզ կներկայացնենք մեր պարզաբանումը»:
Այսպիսով՝ երկար «պասերից» հետո պարզեցինք, թե խաբված քաղաքացիների նամակի պատասխանատուն ով է: Նրանց պատասխանները կներկայացնենք մեր հաջորդ համարում: Մինչ այդ նկատենք, որ, ըստ էության, տարիներ շարունակ «Արմավիա»-ն, օգտվելով գործող իշխանության բարեհաճությունից, խաբել է ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլեւ Հայաստանի Հանրապետությանը: Խոստովանենք, որ ամոթալի իրավիճակ է:
շարունակելի

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս