ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախկին նախարար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով ֆուտբոլային խաղերի վաճառքի մասին հրապարակումներին, կարծիք հայտնեց, թե «տեսնեմ էլ, չեմ ցանկանա հավատալ: Ցավալի կլինի, եթե նման բան եղած լինի»:
-Պարո՛ն Ռոստոմյան, ըստ Ձեզ՝ տեղի ունեցածը ամենաթողությա՞ն հետեւանք է, թե՞ այլ խնդիր կա:
-Ֆուտբոլում ամենթողություն չկա: Գիտեք՝ այդ խնդիրները կան նաեւ միջազգային ֆուտբոլում, ընդհուպ բանը հասավ այնտեղ, որ հրաժարական տվեց միջազգային ֆեդերացիայի նախագահը, եւ մի շարք այլ չինովնիկներ ձերբակալվեցին: Հիմա մեզ մոտ խնդրով զբաղվում է ազգային անվտանգության ծառայությունը, երբ վերջնական հրապարակում կունենանք, կարող ենք ասել, բայց որ խնդիրներ կան, դա արդեն պարզ է, դրանց լուծումներ պետք է տալ:
-Ֆուտբոլային խաղերի վաճառված լինելու մասին տեղեկություններից հետո ՀՖՖ նախագահը նիստ արեց եւ նոր կարգավորումներ առաջարկեց՝ ոլորտում նմանօրինակ դեպքերը բացառելու համար, դա կարո՞ղ է իրավիճակը փրկել:
-Իմ կարծիքով ազգային անվտանգության ծառայության այս քայլը, որ նա ձերբակալեց եւ ի ցույց դրեց դա, ավելի զսպող քաղաքականություն էր, քան այլ քայլերը: Բայց ես վստահ եմ՝ ե՛ւ ֆեդերացիան, ե՛ւ մենք անելիքներ ունենք՝ այդ չարիքից ձերբազատվելու համար: Ցավոք սրտի, այսօր ֆուտբոլը ոչ միայն Հայաստանում, այլեւ միջազգային երկրներում նստած նայում ես, չես իմանում՝ ծախված խաղ է, գնված խաղ է: Այսինքն՝ ֆուտբոլը, որ իր մեծությունն ունի, ցավոք, եկել, հասել է նրան, որ նստած նայում ես ու մտածում՝ արդյո՞ք ծախված է, թե՞ ոչ, դա աբսուրդ է:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում
Քնար Մանուկյան, Նարեկ Սարգսյան