Երեկ Երեւանի Ազատության հրապարակում Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարության ներքո մարտական ուղի անցած ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գլխավորությամբ մի խումբ ազատամարտիկներ կրկին նստացույց են սկսել` ազատամարտիկներին վերաբերող մի շարք խնդիրների լուծման պահանջով:
Հիշեցնենք, որ ազատամարտիկները մայիսի 11-ից մի քանի օր շարունակ նստացույց էին արել Ազատության հրապարակում՝ պահանջելով արմատապես վերանայել ազատամարտիկների եւ մարտական գործողությունների այլ մասնակիցների սոցիալական երաշխիքներն ու զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգը: Նրանք այդ պահանջները նամակի տեսքով ներկայացրել էին ՀՀ կառավարությանը, սակայն մինչ օրս դեռ հստակ պատասխան չեն ստացել:
Հավելենք նաեւ, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 30-ին հանդիպել եւ զրուցել էր Վոլոդյա Ավետիսյանի եւ ազատամարտիկների խնդիրներով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության անդամների հետ: Նա ծանոթացել էր ազատամարտիկներին մտահոգող խնդիրներին եւ համապատասխան հանձնարարականներ տվել հանդիպմանը ներկա ոլորտի պատասխանատուներին:
«Սպասում ենք պատասխանի, մինչեւ հիմա կոնկրետ պատասխան դեռ չենք ստացել: Դրա համար մենք միշտ զգոն ենք: Հիմա հայտարարել ենք երեքօրյա նստացույց՝ մինչեւ հինգշաբթի, գիշեր-ցերեկ պետք է այստեղ լինենք: Հինգշաբթի դուրս կգանք նստացույցից եւ կսպասենք պաշտպանության նախարարության պատասխանին: Իսկ եթե պատասխանը բացասական լինի, ապա մենք նորից կշարունակենք պայքարել: Պաշտպանության նախարարն իր տեղակալների առաջ խնդիրներ է դրել, որ ուսումնասիրեն հարցը եւ համապատասխան առաջարկություններով դիմեն երկրի նախագահին: Մեզ միացող շատ ազատամարտիկներ կան, սակայն ճանապարհածախս չունենալու պատճառով չեն կարողանում գալ եւ այստեղ մեր կողքին կանգնել, իսկ մյուսներն էլ գալիս-գնում են: Խնդիրն ընդհանուրի հետ կապված է եւ բոլորի համար է»,-ներկայացրեց Վ. Ավետիսյանը:
Նստացույցի մասնակիցներից ազատամարտիկ Ստեփան Ստեփանյանը եւս իր մարտական ուղին անցել է Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարության ներքո: Մարտական ընկերները նրան անվանել են Ռեմբո: Նա ապրում է Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում: Ընտանիքի ողջ հոգսն ընկած է Ռեմբոյի ուսերին, ունի 9 թոռնիկ. «9 էլ տղա են: Ուզում ենք, որ մեր վիճակը բարելավվի: Տունս էլ չորրորդ կարգի վթարային է, ու 11 հոգով այդ տանն ենք ապրում: Տղերքն էլ մեծանում են օր օրի: Ստանում եմ 46 հազար դրամ, մինչեւ զինկոմիսարիատից գալիս եմ տուն, մեկի համար մի սանդալ եմ գնում, մյուսին՝ մի պեչենի, 46 հազար դրամն արդեն վերջանում է: Բա ես ինը տղուն ո՞նց պահեմ մեծացնեմ… Ախր ինն էլ վաղը պետք է գնան, երկրի սահմանները պաշտպանեն…»:
Ռեմբոյից տեղեկացանք նաեւ, որ Վարդանաշենում կան մեծ թվով ազատամարտիկներ: Սակայն այսօր տրանսպորտի գումար չունենալու պատճառով նրանք չեն կարողացել գալ Ազատության հրապարակ: «Իսկ ես էլ մի կերպ եմ եկել հասել: Այս վիճակն է: Եթե այսպես շարունակվի, ես էլ կլքեմ երկիրը, ի՞նչ անեմ, ասե՛ք»,-«Ժողովուրդ»-ին դժգոհեց Ռեմբոն:
Ազատամարտիկ Սահակ Հակոբյանը (Գիժ) եւս նեղացած է այսօրվա իշխանություններից. «Նեղացած եմ ազգից, իշխանություններից: Շատ վատ դրության մեջ եմ: Անհասկանալի պատճառներով էս ութ ամիս է՝ թոշակս կասեցրել են: Գանգուղեղի վնասվածք ունեմ ու ստանում էի ցմահ թոշակ՝ 67 հազար դրամ: Հիմա ոչինչ չեմ ստանում»:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, այս խնդրի հետ կապված, «Ժողովուրդ»-ին փոխանցեց. «Ազատամարտիկներն իրենց պահանջը ներկայացրել են պաշտպանության նախարարին, եւ վերջինս խոստացել է, որ այն կքննարկվի, որից հետո կներկայացվի համապատասխան վերադասին: Այս ամենն ընթացքի մեջ է»:
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՆԵՂԱՑԱԾ ԵՆ ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ