ՀԵՆՐԻԽԻ ՀԱՄԱՐ 20-22 ՄԻԼԻՈՆ ՖՈՒՆՏ ՍԹԵՐԼԻ՞ՆԳ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի 2014թ. առաջնության շրջանակում հունիսի 7-ին «Հանրապետական» մարզադաշտում կայանալու է Հայաստան-Մալթա հանդիպումը, որի 14 հազար տոմսից երեկվա դրությամբ վաճառվել էր 1500-ը:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին կայացած Հայաստան-Չեխիա մրցավեճում նույն մարզադաշտը լեփ-լեցուն էր, սակայն դա չօգնեց մեր թիմին, որը պարտվեց 0:3 հաշվով: Իհարկե, գրեթե բոլորը համոզված են, որ գոնե Մալթայի հավաքականին կհաղթենք: Նման ցանկություն ունի նաեւ «Կրասնոդար»-ի նորեկ Մարկոս Պիզելին, որն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում Հայաստանի ազգային հավաքականի բաց մարզումից հետո մասնավորապես ասաց. «Խաղալու ենք հաղթանակի համար, պետք է շարունակենք շատ աշխատել, որ վաստակենք 6 միավոր: Պետք է մտածենք, որ մենք ավելի ուժեղ ենք: Երկու տարի առաջ շատ լավ էինք խաղում, բայց վերջին մեկ տարում ոչինչ չի ստացվում»:
Հունիսի 27-ից հուլիսի 7-ը տեղի է ունենալու կոմերցիոն մրցաշար Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի, Մոսկվայի «Սպարտակ»-ի, Դոնեցկի «Շախտյոր»-ի եւ Կիեւի «Դինամո»-ի մասնակցությամբ: Կողմերն աշխատում են մրցաշարի վերջին կետերի համաձայնեցման ուղղությամբ: Ու չի բացառվում, որ «Շախտյոր»-ում հանդես եկող Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եւ «Սպարտակ»-ում հանդես եկող Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող են խաղալ միմյանց դեմ, եթե, իհարկե… Բանն այն է, որ, ըստ բրիտանական մի շարք հեղինակավոր պարբերականների, այդ թվում՝ «The Sun»-ի եւ «The Guardian»-ի, «Լիվերպուլ»-ը Դոնեցկի «Շախտյոր»-ին հասցեագրվելիք պաշտոնական առաջարկ է նախապատրաստում Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելու համար: Ակումբի սեփականատերերը պատրաստ են հայ ֆուտբոլիստի համար վճարել 20-22 միլիոն ֆունտ սթերլինգ: Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ բոլորովին վերջերս «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հրապարակել է հայ կիսապաշտպանի տեղափոխության համար հրաժարագրի նվազագույն չափը, որը կազմում է 30 միլիոն եվրո:
Չնայած Հ. Մխիթարյանը հրապարակավ չի հայտարարում «Շախտյոր»-ը լքելու իր ցանկության մասին, բայց նաեւ չի թաքցնում, որ երազում է հանդես գալ Եվրոպայի թոփ առաջնություններից մեկում: Հենրիխի պայմանագիրը դոնեցկյան ակումբի հետ լրանում է 2015թ.:
Երեւանի «Փյունիկ»-ի ֆուտբոլիստները վերադարձել են արձակուրդից եւ սկսել նախապատրաստվել նոր մրցաշրջանին, բայց այս պահին թիմի հետ չեն մարզվում գլխավոր թիմի կազմի 16 ֆուտբոլիստներ, որոնք երիտասարդական եւ ազգային հավաքականների ճամբարում նախապատրաստվում են համապատասխանաբար Իսլանդիայի եւ Մալթայի հետ խաղերին:
Հիշեցնենք նաեւ, որ հունիսի 6-ին «Եվրո-2015»-ի ընտրական փուլի շրջանակներում «Հրազդան» մարզադաշտում կայանալու է Հայաստան-Իսլանդիա երիտասարդական հավաքականների մրցավեճը: Մուտքն ազատ է: Իսլանդիան ընտրական փուլում արդեն մեկ հանդիպում անցկացրել է` հյուրընկալվելիս 2:1 հաշվով պարտության մատնելով Բելառուսին:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս