Պաշտպանական և կրթական ոլորտների փոխգործակցությունն ընդլայնվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանակ-հասարակություն կապերի ամրապնդմանը նպատակաուղղված միջոցառումների շրջանակում փետրվարի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և ռազմաուսումնական հաստատությունների ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում ստորագրվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և բարձրագույն ուսումնական հաստատությունների 2016 թվականի համագործակցության պլանը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ստորագրել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության և Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի միջև ուսանողների ուսումնաարտադրական պրակտիկան և ուսուցման գործընթացը ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում կազմակերպելու մասին պայմանագիրը:

Ողջունելով հյուրերին՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ պաշտպանական և կրթական ոլորտների փոխգործակցության պլանի շրջանակում անցկացվող միջոցառումները միտված են ռազմական ինստիտուտների և քաղաքացիական բուհերի միջև ուսանողների ու դասախոսների շարժունության խթանմանը, բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ այսօրինակ ծրագրերը ծառայում են իրենց նպատակին՝ դրական ազդեցություն թողնելով թե դասախոսների, և թե ուսանողների ու կուրսանտների հետագա գործունեության, նրանց ստեղծագործական մտքի զարգացման վրա: Ըստ այդմ՝ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ անցկացվող միջոցառումները շարունակական և առավել արդյունավետ բնույթ կկրեն:




Լրահոս