Ինչպե՞ս են հրազենի վրայից մատնահետքերն անհետացել. զինծառայողի ինքնասպանության գործը շինծո՞ւ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա հունիսի 11-ին` ժամը 01:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զոհվել էր ժամկետային զինծառայող, 1995թ. ծնված Էդուարդ Մելքումյանը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել և ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ընդունվել դատավոր Արսեն Սարդարյանի վարույթ:

Նախ հիշեցնենք, որ դեպքից հետո Էդուարդ Մելքումյանի հայրը` Գենադի Մելքումյանը, ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ իր որդին ինքնասպան չի եղել, պարզապես այդպես «սարքել են»: Ինքնասպանության վարկածին Էդուարդի հարազատները մինչ այսօր չեն հավատում. նրանք վստահ են, որ որևէ բան Էդուարդին նման քայլի դիմել չէր դրդի:

Հարազատները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ մեղադրական եզրակացությունն իրականության հետ որևէ աղերս չունի, իրենք բողոքարկել են այն:

Նշենք, որ գործով անցնում է երեք մեղադրյալ, որոնք Էդուարդի համածառայակիցներն են:

Ըստ մեղադրական եզրակացության՝ մեղադրյալներն են 21-ամյա Արմեն Իսրայելյանը, ով կալանավորված է, նույն զորամասի զինծառայող 23-ամյա Հրաչյա Մովսեսյանը, ում նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը և 21-ամյա Նարեկ Այվազյանը, ով ստորագրությամբ ազատ է արձակվել:

Եվ այսպես, զինծառայողի հարազատներն ArmLur.am-ին հայտնեցին, որ այն հրազենի վրայից, որի կրակոցից Էդուարդը մահացել է, մատնահետքերն անհետացել են, իսկ սա բազմաթիվ հարցերի և կասկածների տեղիք է տվել: Ինքնասպանության վարկածը ևս մեկ անգամ բացառելով՝ մեր զրուցակիցները վստահեցրին, որ ինչ-որ մեկը ցանկանում է գործն այլ ուղղությամբ տանել: Իսկ թե ում է դա պետք, նրանք դեռևս դժվարանում են վարկածներ ներկայացնել. «Մենք բողոքելու ենք ու պայքարելու ենք մինչև վերջ: Սա ինքնասպանություն չի, շինծու գործ է»:

Հավելենք, որ դատական նիստի օրը դեռևս հայտնի չէ: Ինչ նոր հանգամանքներ ի հայտ կգան՝ ցույց կտա ժամանակը:




Լրահոս