Ամփոփվել են ՀՀ ՏԿԱԻՆ Երևանի ստորաբաժանումների 2015թ. կատարած աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ՀՀ ՏԿԱԻՆ Երևանի տարածքում գործող ստորաբաժանումների 2015 թվականի ընթացքում կատարած աշխատանքների արդյունքների ամփոփիչ նիստը, որին մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

ՀՀ ՏԿԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները հանդես են եկել կատարած աշխատանքների վերաբերյալ ամփոփիչ զեկույցներով` նշելով, որ շարունակական աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի բնակչության անվտանգության և անհատական պաշտպանության ապահովման ուղղությամբ:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին ու ՏԿԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումներին՝ քաղաքապետարանի և վարչական շրջանների հետ համատեղ աշխատանքի համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել աշխատակիցների մասնագիտական պատրաստվածությունն ու ընդգծել, որ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հետ Երևանի քաղաքապետարանի համագործակցությունն իսկապես սերտ է և կարևորված:

«Ամենակարևոր ձեռքբերումը, որն այսօր կառանձնացնեմ, երևանցու վստահությունն ու հավատն է փրկարարի աշխատանքի նկատմամբ, որն, անշուշտ, քրտնաջան ու սրտացավ աշխատանքի արդյունք է և դա բոլորիս համար ամենաբարձր գնահատականն է: Երևանի քաղաքապետարանի և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միջև ձևավորված համագործակցությունն իսկապես արդյունավետ է, ինչն արտացոլված է նաև տարեկան ամփոփիչ հաշվետվության մեջ: Ձեռքբերումներն, անշուշտ, առկա են ու տեսանելի, սակայն դրանցով բավարարվել պետք չէ ու, համոզված եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում այս և հաջորդող տարիներին ևս մենք էլ ավելի կընդլայնենք համագործակցության շրջանակներն ու կարձանագրենք նոր հաջողություններ՝ ի բարօրություն Երևանի և մեր համաքաղաքացիների», – նշել է Տարոն Մարգարյանն ու հաշվի առնելով հաշվետվության մեջ հնչեցված որոշ դիտարկումները` առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կգույքագրի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները՝ դրանց համատեղ լուծումն առավել համակարգված կազմակերպելու նպատակով:

Քաղաքապետը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է իր լիազությունների շրջանակում գործուն աջակցություն ցուցաբերել Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումներին:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն էլ իր հերթին, շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանին մշտական աջակցության ու համատեղ արդյունավետ աշխատանքի համար, ընդգծել է, որ համագործակցված աշխատանքն իսկապես հաջողված է ու առանձնանում է շատ որոշակի ձեռքբերումներով: Նախարարը նաև նկատել է, որ ոլորտում դեռ անելիքներ կան ծառայությունների որակը բարելավելու ուղղությամբ:

«Ձեռքբերումներով հանդերձ՝ մենք իսկապես շատ անելիքներ ունենք և պետք է մեր հետևողական աշխատանքի արդյունքում կարողանանք դրանք ևս իրականություն դարձնել: Անշուշտ, երկու կառույցների միջև ձևավորված է արդյունավետ ու հաջողված համագործակցություն, ինչը, վստահ եմ, բոլոր ուղղություններով կշարունակվի նաև առաջիկա տարիներին»,- նշել է Արմեն Երիցյանը:

Ամփոփիչ նիստի ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին պարգևատրել է Երևանի զինանշան խորհրդանիշով:

2015 թվականի ընթացքում բնակչության պաշտպանության բնագավառում ակտիվ գործունեության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, հնարավոր հետևանքների նվազեցման և արագ արձագանքման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու և իրականացնելու համար համակարգի մի շարք աշխատակիցներ էլ արժանացել են քաղաքապետի պատվոգրերի և շնորհակալագրերի, ոմանք էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի անվանական ժամացույցով:

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ Երևանի քաղաքապետարանի աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու, աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հետ սերտորեն համագործակցելու համար, նախարար Արմեն Երիցյանն էլ ՀՀ ՏԿԱԻՆ «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով է պարգևատրել Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանին:

Երևանի քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ էլ արժանացել են ՀՀ ՏԿԱԻՆ պատվոգրերի և շնորհակալագրերի:




Լրահոս