ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄՐՑԱՆԱԿՆԵՐՈՎ ՀԵՏ ԵՆ ԵԿԵԼ
Հունիսի սկզբին Կիեւում կայացած «Վիդլունյա» մոնոներկայացումների միջազգային 15-րդ փառատոնի մրցանակակիրներ են դարձել Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ  Ջանիբեկյանն ու Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը: Մուրադ Ջանիբեկյանը ճանաչվել է «Լավագույն տղամարդ դերասան» «Խոստովանություն» մոնոներկայացման համար, իսկ Ռոբերտ Հակոբյանը «Ձեզ եմ դիմում» ներկայացման համար ստացել է գրան պրի:
Փառատոնի շրջանակում հաջողությամբ հանդես է եկել նաեւ Երեւանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Լարիսա Ղեւոնդյանը ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանի «Ես եմ ճայը» մոնոներկայացմամբ: Լարիսայի աշխատանքը նույնպես արժանացել է բարձր գնահատականի:

ՓԱՌԱՏՈՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Հուլիսի 1-ից 8-ը Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն առաջին անգամ կազմակերպում է «Դուետ» միջազգային թատերական փառատոնը: Այն ընդգրկված է «Գյումրին՝ 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի միջոցառումների շրջանակում: Փառատոնի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ ներկայացման մեջ մասնակցում է երկու դերասան: Մասնակցելու հայտ են ներկայացրել Հայաստանի եւ արտերկրի 25 թատրոններ, որոնցից ընտրվել են 20-ը: Վերջնական տվյալներով կմասնակցեն՝ Հայաստանը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Ուկրաինան եւ Վրաստանը: Մասնակիցների թվում են՝ Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնը, Կիեւի թատերական արվեստի ակադեմիական «Սուզիրյա» արվեստանոցը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը, Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական, Պատանի հանդիսատեսի, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային, Կամերային, Կամերային երաժշտական, Մհեր Մկրտչյանի անվան արտիստական, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնները, ֆրանսիացի դերասաններ Թիերի Շարպիոն եւ Լալի Մեգնանը:
Փառատոնի շրջանակում նախատեսված են հեռուստատեսային ուղիղ հեռարձակմամբ ստեղծագործական խմբերի, մասնագիտական հանձնախմբի, արվեստագետների ու արվեստասերների մասնակցությամբ ամենօրյա քննարկումներ:




Լրահոս