Երգիչ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ (սկիզբը՝ նախորդ համարում) գնահատմամբ` ամենաճաշակով հայ հանդիսատեսը Երեւանում է եւ ոչ թե դրսում, ինչպես պնդում են շատ այլ կատարողներ: Ըստ երգչի` ճաշակ թելադրողը հեռուստատեսությունն է, որն այսօր այդ գործառույթը չի կատարում:
-Հեռուստատեսային երաժշտական հաղորդումներից հրավերներ լինո՞ւմ են:
-Լինում են, օրինակ` «Երգ երգոց»-ից: Ժամանակ առ ժամանակ գնում ու մեր հին, սիրուն երգերից եմ երգում:
-Վերջերս հեռուստաալիքներից մեկով տեսա Ձեր մենահամերգի ձայնագրությունը, իսկ տեսահոլովակներն ինչո՞ւ ցույց չեն տալիս, գումա՞ր են ուզում:
-Կան հեռուստաալիքներ, որտեղ իմ ընկերներն են, ու գոնե նրանք մի քիչ ցույց են տվել իմ տեսահոլովակները, համերգները, բայց դա քիչ է: Կներեք, Դուք տեսե՞լ եք իմ՝ «Բացի՛ր աչքերդ» երգի տեսահոլովակը:
-Եթերում չի հանդիպել, բայց YouTube-ով տեսել եմ:
-Ինքս այդ տեսահոլովակը եթերում տեսել եմ ընդամենը 3 անգամ: Իմ հանդիսատեսի երեւի 80 տոկոսն այդ կլիպը չի տեսել: Կարո՞ղ եք բացատրել՝ ինչու:
-Ես չեմ կարող, իսկ Դուք չե՞ք փորձել պարզել պատճառը:
-Ասում են` քիչ է sms հավաքում, ցույց չենք տալիս տասնյակների մեջ: Ես որոշեցի չլինել այդ մրցավազքի մեջ, ինձ համար աշխատում եմ ու համագործակցում երգիչների հետ՝ թե՛ սկսնակ, թե՛ արդեն գործող:
-Ի՞նչ տեսակի երգեր են պատվիրում:
-Մեծամասնությունն արագ երգեր է ուզում, որովհետեւ դրանցով են գնում կորպորատիվ երեկոների:
-Իսկ Դուք կորպորատիվ երեկոների չե՞ք մասնակցում:
-Հազարից մեկ առիթներ լինում են, բայց շատ հազվադեպ եմ գնում:
-Չե՞ք համաձայնում, թե՞ Ձեզ չեն հրավիրում:
-Չհամաձայնելու խնդիր չկա, քիչ են լինում հրավերներ, ընդամենը դա:
-Երկրից դուրս համերգների հրավերներ ունենո՞ւմ եք:
-Ասեմ Ձեզ՝ հայության մեջ ամենաճաշակով հանդիսատեսը, ում մոտ քիչ թե շատ դեռ ճաշակ կա, Երեւանում է: Եթե տեսնեք՝ դրսում ճաշակային առումով ի՜նչ է կատարվում… Ի՞նչ դրսի համերգների մասին է խոսքը:
-Բայց այստեղից գնացող երգիչներն այնպես են ներկայացնում, որ դրսում ամեն ինչ շատ ավելի լավ է:
-Կան երգիչներ, որ սիրում են իրենց չոփը գերան դարձնել: Ես այդ մարդկանց մեջ չեմ մտնում, ինչ կա, դա եմ խոսում:
-Այս պահի դրությամբ որպես երգիչ պասիվ եք. միայն երգեր եք գրում եւ վաճառում, իսկ ուրիշ ինչո՞վ եք զբաղվում:
-Տուն եմ ռեմոնտ անում:
-Իսկ երբ վերանորոգումն ավարտե՞ք:
-Փող կունենամ, պրոդուկտ կտամ, չէ՛, ինձ համար գործիքավորում կանեմ, երգ կգրեմ, կգոյատեւեմ:
-Լսել եմ, որ Ձեր կինը Ֆրանսիայի քաղաքացի է, ցանկություն չկա՞ այնտեղ աշխատել, ապրել:
-Իմ կինը Հայաստանի քաղաքացի է: Ո՞ւմ համար աշխատել, ո՞ր հանդիսատեսի: Ֆրանսիացուն մենք հետաքրքիր չենք: Իսկ եթե դու փորձես մտնել ֆրանսիական շոու բիզնես, դա նախ ժամանակի հետ է կապված, բացի այդ, պետք է ջնջես այստեղ ունեցած ամեն ինչ, գնաս, զրոյից սկսես կարիերա սարքել այլ երկրում: Հետո էլ պարզ չէ՝ դա քեզ մոտ կստացվի, թե չէ: Իսկ երկրորդ՝ ես չեմ պատրաստվում գնալ ու դրսի հայության համար կարիերա սարքել, որովհետեւ պետք է գնամ դաշտահանդեսներ ու դեբիլ երգեր երգեմ: Իրենք էդպես են ասում` դաշտահանդես: Ու այնտեղ երգում են ինչ-որ անհասկանալի երգիչներ:
Ես մի անգամ Ֆրանսիայում եղել եմ հայերից մեկի ծնունդին, մարդիկ բերել էին DJ, որը դրել էր իրենց սիրելի երգերը, ու մարդիկ պարում էին: Այդ պահին ես մտածեցի՝ լավ կլիներ, եթե Երեւանում լինեի մի քեֆի մեջ, գոնե մեր ռեստորանային երաժշտությունը կլիներ, ու կուզենայի տեղիցս բարձրանալ, պարել… Ինչ-որ լրիվ անհասկանալի բաներ էին լսում, պարում ու դրա տակ ուրախանում:
-Ճի՞շտ նկատեցի, որ մի քիչ հիասթափված եք:
-Ինձ մոտ շուտ-շուտ են լինում հիասթափություններ, ապա կրկին աշխատելու ցանկություն: Երբ որ էլի աշխատելու ցանկություն է առաջանում, մեկ էլ հասկանում ես, որ անիմաստ փողեր ես վատնում, որը կարելի է ընտանիք պահելու վրա ծախսել:
-Կողմնակի բիզնես չունե՞ք:
-Ո՛չ, իմ գործն իմ երգն ու գործիքավորումն է: Ցավում եմ, որ ուրիշ բանով չեմ կարողանում զբաղվել, իսկ բիզնեսից շատ հեռու մարդ եմ, չի ստացվում ինձ մոտ:
«ԿԱՐՈ՞Ղ ԵՔ ԲԱՑԱՏՐԵԼ՝ ԻՆՉՈՒ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ