Արմեն Աշոտյանի համար նոր աշխատատե՞ղ. որն է ՀՀԿ քաղաքական դպրոցի նպատակը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ի Քաղաքական դպրոցը զարկ է տալու քաղաքական, քաղաքագիտական մտքի զարգացամանը: Դպրոցում կարող են ուսանել նաև անկուսակցական քաղաքացիները, իսկ կրթությունը լինելու է անվճար, ֆինանսավորումն իր վրա է վերցնում ՀՀԿ-ն: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա հույս հայտնեց, որ այս տարվա մայիս ամսվա սկզբին կկարողանան ձևավորել դպրոցի առաջին կուրսը:

«Քաղաքական դպրոցում դասավանդելու են ինչպես մեր կուսակցության համապատասխան թեմաներին և ոլորտներին տիրապետող անդամները, այնպես էլ ակադեմիական շրջանակներից հրավիրված դասախոսներ, որոնց քաղաքական պատկանելիությունը երկրորդական է այս պահի դրությամբ, որովհետև մեզ համար կարևոր է, որ մեր դպրոցում դասավանդեն այս կամ այն թեմային տիրապետող Հայաստանի լավագույն մասնագետները»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը՝ հավելելով, որ քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանին ինքն անձամբ կհրավիրի, որպեսզի դասախոսություններ կարդա դպրոցում:

Լրագրողների հարցին՝ ՀՀԿ-ականներ Առաքել Մավսիսյանը, Մհեր Սեդրակյանը, Սամվել Ալեքսանյանը դասավանդելո՞ւ, թե՞ ուսանելու են այդ դպրոցում, Արմեն Աշոտյանը հակիրճ պատասխանեց. «Ո՛չ դասավանդելու են, ո՛չ ուսանելու են»:

Անդրադառնալով իրենց կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Աշոտ Աղաբաբյանի հայտարարությանը, թե կուսակցական դպրոցը դիկտատուրա է և «պալիտշկոլաների» ժամանակն անցել է, Արմեն Աշոտյանն ասաց. «Դպրոց հիմնելու որոշումը գործադիր մարմնում է կայացվել և բնական է ՀՀԿ խորհրդի գալիք նիստում, որի անդամ է պարոն Աղաբաբյանը, որոշման մասին լրացուցիչ տեղեկություններ կհաղորդենք: Պետք չէ զարմանալ, որ կուսակցության ներսում կա բազմակարծություն, ճիշտ հակառակը՝ կարծում եմ, որ դուք պետք է ուրախանաք նրանով, որ ՀՀԿ-ին հաջողվել է ունենալ քաղաքական պլյուրալիզմ»:

Արմեն Աշոտյանը նշեց, որ դպրոցի ստեղծման աշխատանքներն ինքն է ղեկավարելու: Հարցին՝ ձեզ համար նրաք աշխատատե՞ղ է ստեղծվում, Աշոտյանը պատասխանեց. «Ինձ համար աշխատատեղ ստեղծված է: Ես աշխատատեղի խնդիր չունեմ, ինչպես գիտեք, ես երգեր եմ գրում, և՛ հեռուստաշոու եմ վարում, և՛ ՀՀԿ փոխնախագահ եմ, և՛ հետաքրքիր զրուցակից ձեզ համար»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս