Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքի ղեկավար, ՀՀԿ անդամ Ալբերտ Խաչատրյանը հրաժարական է տվել իր պաշտոնից: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, պատճառաբանելով իր քայլը, նա ասաց, թե պարզապես հոգնել է գյուղապետի պաշտոնից: Այսօր նրա հրաժարականը պաշտոնապես կընդունվի ՀՀ կառավարության նիստում:
-Ոչ մի խնդիր չկա, անձնական հարց է, ուրիշ ոչինչ չկա: Շատ երկար տարիներ գյուղապետ եմ եղել, հիմա ցանկանում եմ հանգստանալ:
-Դուք ո՞ր կուսակցության անդամ եք:
-Հանրապետական, բայց իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է:
-Զարմանալի է, դա Քոչարյանի կարգախոսն էր՝ իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է: Այնուամենայնիվ, ՀՀԿ-ական գյուղապետի համար հրաժարական տալու լուրջ պատճառներ պետք է լինեն, չէ՞:
-Դե հիմա: Որեւէ բան չկա, 10 տարի աշխատել եմ, էլ չեմ ցանկանում: Եկե՛ք նաեւ կուսակցությունը չխառնենք: Բան չկա, չեմ ուզում աշխատել եւ վերջ:
-Մենք ունեցան գյուղապետերի այնպիսի օրինակներ, որոնք հրաժարական տվեցին ու մեկնեցին երկրից, գնացին խոպան: Դո՞ւք էլ եք գնալու:
-Ես երկար տարիներ եվրոպաներում աշխատել եմ ու ձանձրացել թափառելուց:
-Լավ, իսկ ինչպե՞ս եք պահելու Ձեր ընտանիքը:
-Զբաղվելու եմ գյուղատնտեսությամբ:
-ՀՀԿ-ից արձագանքե՞լ են կամ հետաքրքրվե՞լ են Ձեր հրաժարականի պատճառների մասին:
-Ո՛չ, ոչ մեկ էլ ոչ մի բան չի ասել: Մարզպետի հետ եմ խորհրդակցել, նա փորձել է համոզել, որ նման բան չանեմ, բայց դա իմ որոշումն է, եւ ոչ մեկ չէր կարող ինձ ազատել: Ես չեմ ուզում մնալ ու վերջ:
Հ.Գ. Նշենք, որ գյուղապետի պաշտոնական աշխատավարձն ընդամենը 120 հազար դրամ է: Եվ եթե գյուղապետերը գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ չզբաղվեն, պարզապես չեն կարողանա պահել անգամ իրենց ընտանիքը: Ու քանի որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գործունեության արդյունքում Հայաստանում գյուղատնտեսությունը վաղուց արդեն եկամտաբեր զբաղմունք չի համարվում, ուստի մարդիկ պարզապես փախչում են գյուղերից: Նշենք, որ ամիսներ առաջ Շիրակի մարզի Բայանդուր համայնքի ԲՀԿ-ական ղեկավար Հովակիմ Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել ու վերցնելով իր ընտանիքը՝ մեկնել Ռուսաստան: Նրանից հետո Ախուրյանի տարածքի աղքատ ճանաչված գյուղերից մեկի՝ Կարմրաքարի գյուղապետ Գագիկ Վարադյանն էր հրաժարականի դիմում ներկայացրել այսպիսի բովանդակությամբ. «Ելնելով ընտանիքիս սոցիալական վիճակից՝ հրաժարականի դիմում եմ ներկայացնում, բայց շարունակելու եմ բնակվել գյուղում, հարաբերվել համագյուղացիների հետ, պարզապես հրաժարվում եմ գյուղապետի պաշտոնից»:
ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՆ ԱՅԼԵՎՍ ԵԿԱՄՏԱԲԵՐ ՉԷ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ