Երեւանի քաղաքապետարանը հայտարարում է Երեւան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության լրացուցիչ մրցույթ։
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչութունից հայտնում են, որ Երեւան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթներն անց են կացվում ՀՀ կառավարության 2001թ. օգոստոսի 16-ի հ.762 որոշմամբ հաստատված կարգով։
Նշված կարգի 12-րդ կետի համաձայն՝ մրցույթների անցկացման մասին տեղեկատվությունը հրապարակվում է մրցույթի անցկացման օրվանից առնվազն 45 օր առաջ։ Մրցույթի մասին հայտարարությունները հրապարակվել եւ հրապարակվում են ,Հայաստանի Հանրապետությունե օրաթերթում։
30.07.2013թ. դրությամբ` թվով 23 ավտոբուսային (հ.հ. 2, 6, 10, 19, 21, 25, 26, 29, 37, 39, 42, 49, 50, 52, 56, 60, 61, 62, 63, 64, 66, 67, 68) եւ թվով 1 միկրոավտոբուսային (հ.77) երթուղիների համար մրցույթներ չեն անցկացվել։ Նշված երթուղիների համար պարբերաբար հայտարարվում են լրացուցիչ մրցույթներ, որոնց, սահմանված կարգով, կարող է մասնակցել ցանկացած իրավաբանական անձ եւ անհատ ձեռնարկատեր։
Հայտարարության տեքստից բացի, մրցույթի դրված երթուղիների ուղեգծերի եւ սպասարկման համար անհրաժեշտ շարժակազմի քանակների մասին տեղեկատվությունն առկա է Երեւան քաղաքի երթուղային ցանցում: Երթուղային ցանցի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից:
Երեւանի քաղաքապետարանը մայրաքաղաքի բնակիչների տրանսպորտային սպասարկման վիճակը բարելավելու նպատակով իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին առաջարկում է ներդրումներ կատարել եւ սահմանված կարգով մասնակցել հայտարարվող մրցույթներին։
Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունում (Արգիշտիի 1)։