«Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որով հավաստել է, թե վետերանները սահմաններում են ու զինվորի կողքին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կազմակերպության հայտրարության մեջ նշվում է.
«Արցախի մարտընկերների հետ պաշտպանած ու ազատագրած ԼՂՀ հյուսիսային ու հարավային սահմաններում ապրիլի լույս 2ի գիշերը թշնամու ձեռնարկած աննախադեպ հարձակման մասին տեղեկանալուն պես, «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպությունը, պատերազմի ճանապարհներով անցած իր մարտիկների անունից դիմելով ՀՀ պաշտպանության նախարարությանը, մեկնել է առաջնագծի հարավարևելյան հատված, որտեղ ժամկետային, պայմանագրային զինծառայողներից ու կամավորագիրներից կազմված ստորաբաժանումների հետ համատեղ իրականացնում է հրամանատարությունից ստացած առաջադրանքներ ու օպերատիվ իրավիճակից բխող հանձնարարություններ:
Միաժամանակ, զինվորական տարբեր մասնագիտությունների արհեստավարժ, փորձառություն ունեցող կամավորագիրները հրամանատարության որոշմամբ կցվել են համապատասխան ստորաբաժանումներին և դիրքապահ մարտիկների հետ միասին պատվով կատարում են իրենց առջև դրված խնդիրները: «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպությունը, համախմբելով նախկին կամավորականներին ու նրանց ճանապարհն ընտրած երիտասարդներին, հավաստիացնում է, որ ունկնդիրն ու կատարողը լինելով այս նորօրյա վերազարթոնքի հրամայականի, ունի անհրաժեշտ մարդկային ռեսուրսներ` անկախ ռազմական ու քաղաքական իրավիճակի զարգացումներից, աննահանջ կանգնելու իր նվաճած սահմաններում և դրանք պաշտպանող Հայ զինվորի կողքին»: