Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շփման գծում օրեր առաջ ստեղծված իրավիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆֆրի Ֆելթմանին:

Հանդիպման սկզբում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր: Նշելով, որ Ջեֆֆրի Ֆելթմանի այցը համընկել է այնպիսի բարդ ժամանակահատվածի հետ, երբ տարածաշրջանի անվտանգությունը կրկին վտանգված է, Հանրապետության Նախագահը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շփման գծում օրեր առաջ ստեղծված իրավիճակը, ընդգծելով, որ 1994թ․ զինադադարի հաստատումից հետո Ադրբեջանը սանձազերծել է ռազմական գործողություններ՝ հերթական անգամ կոպտորեն խախտելով ուժ կամ ուժի սպառնալիք չգործադրելու հիմնարար սկզբունքը: Նախագահ Սարգսյանն այս իրավիճակում էլ ավելի է կարևորել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի՝ որպես միջազգային անվտանգության և խաղաղության պահպանության համար պատասխանատու կառույցի բարձրաստիճան պաշտոնյայի ներկայությունը տարածաշրջանում: ՀՀ Նախագահի խոսքով, Ջեֆֆրի Ֆելթմանի այցը Հայաստան և տարածաշրջանի այլ երկրներ հնարավորություն կընձեռի հանդիպումների արդյունքում հստակ և ճշգրիտ պատկերացում կազմել ստեղծված իրավիճակի մասին:

Ջեֆֆրի Ֆելթմանը, նշելով, որ ՄԱԿ-ը հանդիսանում է բացառապես խաղաղ ճանապարհով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջատագովը, ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների դերակատարումը որպես խաղաղ կարգավորման համաձայնեցված ձևաչափ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-ՄԱԿ համագործակցությանը: Ջեֆֆրի Ֆելթմանը նշել է, որ ՄԱԿ-ում կարևորում են այն դերը, որ կատարում է Հայաստանը Կազմակերպությունում, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադրության և սկզբունքների իրագործման գործում: Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` շարունակելու ակտիվ ներգրավվածությունը ՄԱԿ-ի և նրա կառույցների գործունեությանը: Հայաստան-ՄԱԿ համագործակցության համատեքստում կողմերը կարևորել են նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից Հայաստանում իրականացվող սահմանային անցակետերի արդիականացման ծրագիրը, որպես համագործակցության լավ օրինակ:




Լրահոս