ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանն անցած տարվա ընթացքում վաճառել է 45 մլն դրամ արժողությամբ «Range Rover supercharged 5.0 Vogue» մակնիշի ավտոմեքենա: Նրա դրամական միջոցներն անցած տարվա վերջին կազմել են մոտ 1 մլրդ 76 մլն դրամ եւ 125 հազար դոլար: Նա պատգամավորական աշխատավարձից բացի՝ հայտարարագրել է նաեւ 1 մլն 80 հազար դրամ եկամուտ, որը ստացել է իբրեւ վարձավճար եւ 1 մլն 314 հազար դրամ ու 2 հազար 100 դոլար էլ ստացել է որպես փոխառությունների տոկոսավճար:
Հիշեցնենք, որ վերջինս դեռեւս 2012 թվականին պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել էր 5 հատ ավտոմքենա, 4 հատ բնակարան եւ ընդհանուր` 412 մլն 675 հազար դրամի բաժնեմաս՝ 4 տարբեր ընկերություններում:
Պատգամավորի տնային տնտեսուհի կինը` Էլվինա Սարգսյանը եւս բավականին պատկառելի կարողություն է կուտակել: Նրա դրամական միջոցները անցած տարվա վերջին կազմել են 2 մլն 395 հազար դրամ եւ 426 հազար 865 դոլար: Ինչպես հայտնի է՝ «Սաս» սուպերմարկետների, «Նեքսթ», «Բալդի», «Ալդո», «Դեբենհամս» խանութների ցանցը պատկանում է հենց Սարգսյանների ընտանիքին: