Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անցած տարի տեղի ունեցած միջադեպի գործով դատաքննությունը: Այժմ սկսվել է դատական վիճաբանությունների փուլը: Մեղադրող Արմեն Մարուխյանը 15 օր ժամանակ է խնդրել մեղադրական ճառին պատրաստվելու համար, որից հետո հանդես կգա պաշտպանական կողմը:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2012թ. հունիսի 17-ին ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին՝ Նեմեց Ռուբոյին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում: «Հարսնաքար»-ի անվտանգության աշխատակիցները, որոնք նաեւ ԱԺ նախկին պատգամավորի թիկնապահներն են, մատուցողն ու վարորդ-առաքիչը ծեծի էին ենթարկել զինվորական բժիշկներ Վահե Ավետյանին ու նրա ընկերներին: Արդյունքում Ա. Բայադյանը, Գ. Սողոմոնյանը, Է. Միկոյանը, Ա. Աղաջանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ, իսկ Վ. Ավետյանը հունիսի 29-ին հոսպիտալում, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել էր: Դեպքից հետո թիկնապահներ Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, Նորայր Հայրապետյանը, վարորդ-առաքիչ Արթուր Բաբլոյանը, մատուցող Գարիկ Ադամյանը ձերբակալվել էին:
Ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, Ավետյանների ընտանիքը գոհ չէ դատաքննության ընթացքից:
-Որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ՝ Ձեզ որքանո՞վ է գոհացրել դատաքննության այս փուլը:
-Դատաքննության փուլը չէր կարող գոհացնել՝ մի շարք հանգամանքներից ելնելով. նախ՝ հանցագործության բացահայտման եւ գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ դատաքննության համար անհրաժեշտ միջնորդությունները, որոնք մենք ներկայացրել էինք դատարանին, հետաձգվեցին գրեթե մեկ տարով: Ակնհայտ է, որ, օրինակ, տուժողների առգրավված, սակայն իրեղեն ապացույց չճանաչված հագուստի դատակենսաբանական նշանակումը, մեղադրյալների հագուստի առգրավումը եւ իրեղեն ապացույց ճանաչելը, տեղազննության իրականացումը, «Հարսնաքար»-ի փաստաթղթերի առգրավումը, մեղադրյալների աշխատանքային պայմանագրերի ստուգումը, հեռախոսազանգերի վերծանումը, Վահե Ավետյանի դատաբժշկական փորձաքննության նկատմամբ կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության նշանակումը եւ այլն, ուշ իրականացնելու դեպքում դրանց արդյունավետությունն էականորեն նվազում է:
-Իսկ կատարված միջադեպը գոնե դատարանի կողմից լիովին ապացուցված համարո՞ւմ եք, թե՞ ոչ:
-Միանշանակ ո՛չ, քանի որ առկա են բազմաթիվ անթույլատրելի բացթողումներ: Երբ Վահե Ավետյանին տեղափոխեցին հիվանդանոց, հանցագործության հետքերը հենց տեղում վերացվեցին, ու դեպքի վայրում ոչինչ չհայտնաբերվեց: Ավելին, ասեմ, որ չի իրականացվել դեպքի վայրի պահպանություն, եւ սա առաջին մտահոգությունն էր, որի մասին մենք բարձրաձայնել ենք, սակայն վարույթն իրականացնող որեւէ մարմին որեւէ կերպ չի արձագանքել:
Դատաքննության ժամանակ դատարանը հաճախ նշում էր, որ այս կամ այն հանգամանքը հնարավոր չէ բացահայտել, քանի որ անհնար է լրացնել նախաքննական մարմնի բացթողումները: Իհարկե, կային հանգամանքներ, որոնց հարցում դատարանը չէր կարող նախաքննական մարմնի բացթողումները լրացնել, բայց կային շատ հարցեր, որոնց պարագայում դատարանն ուներ հնարավորություն արձանագրել նախաքննական մարմնի կողմից թույլ տրված խախտումները, բայց չարեց: Օրինակ` ի՞նչն էր խանգարում դատարանին առգրավել «Հարսնաքար»-ի փաստաթղթաբանությունը:
Ի՞նչն էր խանգարում դատարանին նշանակել դատաձեռագրաբանական փորձաքննություն` պարզելու համար՝ արդյոք ներկայացված աշխատանքային պայմանագրերը կեղծ են, թե ոչ: Կամ ի՞նչն էր խանգարում դատարանին` պահանջել Ռուբեն Հայրապետյանի հեռախոսահամարների վերծանումները կամ ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի «Արմենտել»-ի հեռախոսահամարի վերծանումները: Ուստի դատարանը ո՛չ իրավական եւ ո՛չ էլ բարոյական իրավունք չունի պնդելու, որ նախաքննական մարմնի թերությունները հնարավոր չէր վերացնել կամ լրացնել:
Գոհացնող է, սակայն, որ մեր կողմից միջնորդված եւ հարցաքննված բոլոր վկաները մեզ համար ապացուցողական նշանակություն ունեցող էական հանգամանքներ են հայտնել:
-Ավետյանների ընտանիքին գոհացրե՞լ է դատաքննության ընթացքը:
-Համոզված եմ, որ ոչ, քանի որ վերոնշյալ բոլոր հանգամանքները փաստում են, որ թե՛ նախաքննական մարմնի եւ թե՛ դատարանի կողմից բազմիցս խախտվել են գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ դատաքննության համար անհրաժեշտ նախապայմանները: Այս ամենի հետեւանքով ստեղծվել է կատարվածի աղավաղված պատկեր, ու մի շարք մարմինների եւ անձանց «ջանքերի» շնորհիվ իրողությունը բացահայտելն ու կատարվածին արժանի իրավական գնահատական տալը դարձել է ավելի քան խրթին:
Նշենք, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին:
ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ԳՈՀ ՉԵՆ ԴԱՏԱՐԱՆԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ