ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԱՏԱՂԱԾ ՇՈՒՆԸ
Օգոստոսի 20-ին՝ ժամը 12:29-ին, ահազանգ է ստացվել, որ կատաղած շունը մտել է Գյումրու Շիրակացու փողոցի թիվ 87 շենքի նկուղը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները նկուղից դուրս են բերել շանը եւ տեղափոխել անվտանգ տարածք: Բարեբախտաբար, տուժողներ չկան:

ԱՌԵՎՏՈՒՐԸ ՆՎԱԶԵԼ Է
Հայաստանում 2013-ին առեւտրաշրջանառությունն ավելացել է 3.5 տոկոսով (հունվար-հունիսին` 2012թ. հունվար-հունիսի նկատմամբ), սակայն այդ նույն ժամանակում դրա կազմի մեջ մտնող ավտոմեքենաների վաճառքը նվազել է միանգամից 18.6 տոկոսով: Միայն այս տարվա հունիսին վաճառվել է 5 մլրդ 892 մլն 400 հազար դրամի մեքենա, որն ամսական կտրվածքով ավելացել է մոտ 12 տոկոսով, բայց պատկերը լրիվ փոխվում է, երբ նայում ենք տարեկան կտրվածքով: Պարզվում է, որ այս տարվա հունիսին 2012-ի հունիսի նկատմամբ ավտոմեքենաների առեւտուրը նվազել է ավելի կտրուկ՝ 22.8 տոկոսով:

ԱՐԳԵԼԱՆՔԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերացրել է «Արզնու տոհմային ԹՏԽ» նկատմամբ կայացրած արգելանքը: Հիշեցնենք, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի 2013թ. օգոստոսի 8-ի որոշմամբ արգելվել էր «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի կողմից «Քամած մածուն», «Մածուն 3.2%», «Կաթ պաստերացված», «Թան», «Կաթնաշոռ 2%», «Կաթնաշոռ 9%», «Թթվասեր» արտադրատեսակների արտադրությունը: Բացի այդ, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի փոխտնօրենին տրվել էր հանձնարարական՝ վերացնել հայտնաբերված խախտումները: Փոխտնօրենի կողմից ՍԱՊԾ է ներկայացվել ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի 15.08.2013թ. փորձարկման արձանագրությունը, որի համաձայն՝ ընկերության արտադրանքը ճանաչվել է անվտանգ:

ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ԱՊՊԱ-ԻՑ
Հուլիսին ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ստացել է 172 բողոք, որից ֆինանսական կազմակերպություններին վերաբերող բողոքները 162-ն են: Դրանցից 32-ը ենթակա չեն քննության, իսկ 63-ն արդեն ընդունվել են քննության: Պարզվում է՝ քաղաքացիները հուլիսին հիմնականում բողոքել են ապահովագրական ընկերություններից, քանի որ այդ 63 բողոքներից 46-ը հենց դրանց դեմ է: Ապահովագրական ընկերությունների հիմնական բողոքները կապված են ԱՊՊԱ-ի հետ` 31 բողոք: Բայց քիչ չեն նաեւ բողոքները առողջության ապահովագրության հետ կապված՝ մեկ ամսում 8 բողոք:

Ա. ՇԱԲՈՅԱՆ




Լրահոս