Թատրոնի պատմության ցայտուն կերպավորումներից է Ռոզը. այսօր Սվետլանա Գրիգորյանի մահվան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայ անվանի դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանի մահվան օրն է: Նա ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 30-ին, մահացել 2014 թվականի մայիսի 12-ին:

Դեռ թատերական ուսումնարանի սան էր՝ 13 տարեկան, երբ իր կյանքը կապեց բեմի հետ և անդավաճան մնաց մինչ օրս, տասնյակ տարիներ։ Հիսունհինգ տարի խաղացել է հայ բեմի լեգենդ Կարպ Խաչվանքյանի հետ։ Խաղացել է հարյուրից ավելի դերեր։ Հեռուստաթատրոնի հիմնադիրներից է (1956 թ.)։

Երաժշտական կոմեդիայի թատրոն հրավիրվելով 1949 թ. Սվետլանա Գրիգորյանը անմիջապես ցուցադրեց իր ողջ տաղանդն ու հմայքը և դարձավ հանդիսատեսի հոգու տիրակալը։ Իր անձնավորած կերպարներից շատերն ու գլխավորները դերասանուհին կերտեց մեծանուն Վարդան Աճեմյանի անմիջական աջակցությամբ, նրա ղեկավարությամբ ու խորհուրդներով։

Աշխատելով օպերետային ժանրի վարպետաց-վարպետների հետ, փոխառնելով նրանց փորձը՝ Սվետլանան սկիզբ դրեց այդ ժանրի մի նոր տեսակի, ստեղծեց իր վարվռուն, կենսախինդ, հանդիսատեսի սիրտն ալեկոծող, նրան հոգեկան զմայլելի պահեր պարգևող արվեստի գրիգորյանական տեսակը։

Վաթսուն տարիների բեմական բուռն գործունեություն նույն թատրոնում,150-ից ավելի դերակատարումներ՝ Սիմա՝ («Մի քաղաք կա Վոլգայի վրա»), Մարիետա՝ («Բայադերա»), Կոլոմբինա՝ («Վենետիկյան երկվորյակներ»), Լիքսենա՝ («Պարերի ուսուցիչը»), Նունուֆար՝ («Հին հիվանդություն»), Մարթա՝ («Ատամնաբույժն արևելյան»), Ժաննա՝ («Ռոզ Մարի»), Նատա՝ («Սոֆիկի սխալը»), Դիաննա՝ («Այլոց համար հիմար, իրեն համար խելոք»), Ռոզալյա՝ («Չանիտայի համբույրը»), և գնալով աճող հանդիսատեսի սեր ու համակրանք, թատերագիտական մտքի հիացում։

Բազմաթիվ դերակատարումներով Սվետլանա Գրիգորյանը դրսևորեց ստեղծագործական իր հնարավորությունները, քանդակային կերպարներ ստեղծելու իր կարողությունները, սակայն նրա բեկումնային դերը եղավ Ժիկվան՝ («Տիկին Միսիստրուին»)։ Թատրոնի պատմության ցայտուն կերպավորումներից են Ռոզը՝ («Տաքսի-տաքսի») և Սաթենիկը՝ («Իմ զոքանչը»)։ Սաթենիկն արդեն 36 տարվա բեմական կյանք ունի։

Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում, արժանացել է միջազգային մրցանակների։

Երևանի պատվավոր քաղաքացի է։ Արժանացել է բազմաթիվ պարգևների և շքանշանների՝ «Մովսես Խորենացի», Սուրբ Էջմիածնի կողմից՝ «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ»։ 2009 թ. Լոս Անջելեսում հանդիսավորությամբ նրան է հանձնվել «Ծիծաղի թագուհի» տիտղոսը։ 2011 թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։




Լրահոս