ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ` ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը ներկայացրել էր Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի եւ նրա ենթակաների կողմից «Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամի» հաշվեհամարին Արցախին օգնելու պատրվակով գումար հավաքագրելու պատմությունը: Ի վերջո, «Ժողովուրդ»-ին հաջողվեց Կոտայքի մարզպետարանից պաշտոնական պարզաբանում ստանալ այս դրամահավաքության վերաբերյալ, որը սկսվել է ապրիլի սկզբից եւ շարունակվում է մինչ օրս, չնայած, դեռեւս ապրիլի 4-ին ԼՂՀ կառավարությունը հատուկ հաշվեհամար էր հրապարակել, եւ Արցախին օգնել ցանկացողները կարող էին գումարները այդ հաշվեհամարով փոխանցել:

Ինչ կապ ունի մարզպետարանի ղեկավարությունը «Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամ» կազմակերպության հետ, ինչ իրավունքով է դրա համար գումար հավաքագրում, եւ մի շարք այլ հարցերի պատասխանները մենք փորձեցինք ստանալ Կոտայքի փոխմարզպետ Կարեն Մարգարյանից:
-Ի՞նչ նպատակ է հետապնդել երկու այլ՝ ««ԿՎՖ» ԿԻՈԿՈՒՇԻՆԿԱՅ ԿԱՐԱՏԵԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱ»» եւ ««ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպությունների հիման վրա նոր հիմնադրամ ստեղծելը:
-Պարզապես կնախընտրեի հիմնադրամի ստեղծման նախապատմությանը չանդրադառնալ, որովհետեւ այն ստեղծվել է ՀՀ օրենսդրության շրջանակներում եւ այն փաստացի գործող կառույց է:
-Մարզի բնակիչը ակնկալում է ինչ-որ խնդրի լուծում, ինչի համար էլ դիմում է տվյալ հիմնադրամ, սակայն հիմնադրամից փոխանցում են, որ քաղաքացին գնա մարզպետարան: Այդ կապը՝ մարզպետարան-հիմնադրամ, մարզի բնակիչը չի տեսնում: Ինչո՞ւ:
-Գուցե դա դիտարկենք կանոնադրական բացակայություն: Բայց նմանատիպ նախադեպ մենք չենք ունեցել: Եթե կլինեն համանման զարգացումներ, այդ ժամանակ կքննարկենք այդ կոնտեքստում:
-Դուք մարզի դպրոցների տնօրեններին հանձնարարել եք Արցախի օգնության նպատակով հավաքված գումարը փոխանցել Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամի հաշվեհամարին: Ինչո՞ւ, չէ՞ որ Արցախի կառավարությունը հատուկ հաշվեհամար է բացել: Ինչո՞ւ չեք կազմակերպել, որ մարդիկ ուղիղ փոխանցեն գումարը Արցախին:
-Դեռեւս ապրիլի առաջին օրերին ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի շփման գծում ստեղծվեց բոլորիս հայտնի լարվածությունը՝ Ադրբեջանի հրահրմամբ, եւ ձեւավորվեց քառօրյա պատերազմը: Այդ ժամանակ յուրաքանչյուր հայ մարդու մոտ առաջացավ այս միտքը՝ ինչպես աջակցել Արցախին: Հենց այդ օրերին մարզային պաշտոնյաների հավաք տեղի ունեցավ: Մարզային պաշտոնյաների կողմից կարծիք առաջ քաշվեց միասնաբար, մեկ աղբյուրով Կոտայքի մարզի անունից հանդես գալ: Տրամադրվեց «Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամի» հաշվեհամարը: Իսկ երբ ԼՂՀ-ի կառավարության կողմից ձեւավորվեց համապատասխան հաշվեհամար, որոշում կայացվեց մարզում ընթացող գործընթացը չդադարեցնել եւ հասցնել իր տրամաբանական ավարտին: Մարզպետը այդ շրջանում կապ հաստատեց ԼՂՀ-ի պաշտոնատար անձանց հետ, եւ առաջին օրերին պայմանավորվածություն ձեռք բերվեց աջակցություն ցուցաբերել պարենամթերքի տեսքով:
-Ապրիլի սկզբից մինչեւ 15-ը որքա՞ն գումար է հավաքվել եւ որքա՞ն գումար է հավաքվել դրանից հետո:
-«Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամում» առկա բոլոր փաստաթղթերում մանրամասները կան, առկա են: Իհարկե, հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսվում է, որ տարեկան մեկ անգամ, օրացուցային տարվան հաջորդող տարվա մինչեւ մարտի 25-ը պետք է հիմնադրամը հաշվետվություն ներկայացնի: Բայց Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, հաշվի առնելով հարցի հնչեղությունը, հիմնադրամի հետ քննարկել է, որպեսզի հունիս ամսին հրապարակվի հանրային հաշվետվություն: Հանրությանը կներկայացվի ապրիլի առաջին օրերից մինչեւ հաշվետվության պահը հիմնադրամում կատարված բոլոր մուտքերի եւ ելքերի վերաբերյալ:
-Նշեք, թե ի՞նչ իրավունքով եք Դուք գումար հավաքելու հրահանգ տվել Ձեր ենթակայության տակ գտնվող հիմնարկների տնօրեններին:
-Որեւէ մեկի չի հրահանգվել: Սա եղել է բացառապես կամավորության սկզբունքներով: Ես խնդրում եմ, որ սա պաշտոնապես տարածվի:
-Թեեւ Դուք նշում եք, որ հայ մարդը ցանկանում էր օգնել՝ իր հոգու պարտքը տալով, ինչպե՞ս պետք է համոզված լինի, որ իր հավաքած 40, 50 կամ 100 հազար դրամը նույնությամբ փոխանցվել է Արցախ: Դուք այսպես կենտրոնացնելով՝ մարդկանց զրկել եք հնարավորությունից՝ հստակ իմանալու, թե իրենց դպրոցի հավաքած գումարը տեղ հասե՞լ է, թե՞ ոչ…
-Պարզապես գործընթացները պետք է դիտարկել հաջորդականության տարբերության մեջ: Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամի հաշվեհամարին յուրաքանչյուր մուծում կատարած անձ հաշվետվության մեջ կտեսնի բանկային մուտքերի տվյալները:
-Բացի Հրազդանի կրթական հաստատություններից՝ այլ քաղաքից կամ գյուղից գումար փոխանցվե՞լ է հիմնադրամի հաշվեհամարին:
-Միանշանակ այո՛: Սա միայն Հրազդանով չէր կարող լինել: Տարբեր համայնքների կրթական, մշակութային առողջապահական հաստատություններ նույնպես մասնակցել են: Տարբեր գյուղական համայնքներ, գրեթե բոլոր քաղաքները՝ Հրազդանի, Աբովյանի եւ Նաիրի տարածաշրջանները մասնակցել են: Հաշվետվության էջերում մարդիկ դա կտեսնեն:
-Դուք, մարզպետը եւ մնացած պաշտոնատար անձինք իրավունք ունեք կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված եք ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով: Մատնացույց արեք մասնավոր հիմնադրամի համար գումար հավաքելու եւ տնօրինելու Ձեր լիազորությունը` Սահմանադրության, օրենքի կետը:
-Մենք ծանոթ ենք գործող օրենսդրության ողջ շրջանակին: Պարզապես ես խնդրում եմ՝ այս գործընթացը չդիտարկել որեւէ իրավասության հարթության վրա: Այս գործընթացը պետք է դիտարկել իր էության, ավարտունության մեջ: Բոլոր գործընթացները տեղի են ունենում ըստ գործառույթների եւ օրենսդրությամբ սահմանված կարգով:
-«Ժողովուրդ»-ի հրապարակումից հետո՝ մայիսի 10-ին արդեն հիմնադրամի անունից Արցախ է փոխանցվել 22 մլն դրամ: Դրանից բացի՝ ի՞նչ այլ ծախսեր եք արել հիմնադրամի միջոցներից:
-Ապրիլի 1-ից մինչեւ այս օրը Արցախին աջակցելու նպատակով Կոտայքի մարզում, մարզային հիմնադրամում հավաքվել է 40 մլն 626 հազար 700 դրամ: Բանկային համապատասխան տեղեկանքով հաշվեհամարին կատարվել է փոխանցումներ ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների կողմից՝ որպես աջակցություն Արցախին: Եւ ԼՂՀ մեր գործընկերների հետ քննարկումների արդյունքում Կոտայքի մարզպետը երկու տիպի աջակցություն է կազմակերպել Արցախին՝ առաջինը ապրանքային տեսքով, որի անհրաժեշտությունը կար: 17 մլն 270 հազար 832 դրամի չափով ձեռք է բերվել պարենամթերք եւ առաքվել Արցախ: Դրանք հիմնականում եղել են հագուստի, պահածոյացված մսամթերքի տեսքով: Երբ պայմանավորվածությունը ձեւավորվեց, որ այլեւս պարենամթերքի անհրաժեշտությունը կարելի է փոխարինել դրամական աջակցության տարբերակի, այդ ժամանակ Արցախին փոխանցվեց 22 մլն դրամ: Այս պահին այդ նպատակով հավաքված գումարներից հիմնադրամում կա 1 մլն 355 հազար 868 դրամ, որը դարձյալ օգտագործվելու է այն նպատակով, ինչի համար որ հավաքվել է:
Հ.Գ. Հարցազրույցի ամբողջական տեսագրությունը կարող եք դիտել armlur.am կայքում:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 
ՍՊԱՆ ԴՈՒՐՍ Է ԳՐՎԵԼ
Արցախի սահմանին մարտական գործողությունների հետեւանքով ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնում բուժվող երկու վիրավորիներից մեկը` 28-ամյա սպա Արսեն Առաքելյանը, երեկ առողջացմամբ դուրս է գրվել:
Կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանի փոխանցմամբ` զինծառայողը վերականգնողական բուժումը կշարունակի Արցախում` Երեւանի մասնագետների հետ գտնվելով մշտական կապի մեջ:
Նշենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմի հետեւանքով Արցախի բանակի սպան դեմքի, ձեռքերի ու մարմնի այլ հատվածներում 4-րդ եւ 3-րդ աստիճանի այրվածքներ էր ստացել: Առաջին բուժօգնությունը Մարտակերտի հոսպիտալում, այնուհետեւ Ստեփանակերտում ցուցաբերելով՝ նրան տեղափոխել էին Երեւան:
ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնում բուժումը շարունակում է 48-ամյա ԵԿՄ անդամ Գեւորգ Ազոյանը, ում մոտ առկա են բազմաբեկորային վնասվածքներ: Նախորդ շաբաթ նա ենթարկվել է պլաստիկ վիրահատության: Բժիշկների հավաստմամբ` Ազոյանը հաջորդ շաբաթվա սկզբին նույնպես դուրս կգրվի բժշկական հաստատությունից:




Լրահոս