ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում
Լուսանկարի հերոսը ապրիլյան քառօրյա պատերազմին Արցախում գնդակոծությունից վիրավորված 11-ամյա Վարդան Անդրեասյանն է, որը երազում է սպա դառնալ, որպեսզի վրեժ լուծի:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ Հայաստանում աշխատողը, որը չունի ՀՀ քաղաքացիություն, պարտավո՞ր է կատարել սոցիալական վճարներ, թե ոչ:
Իրինա Միքայելյան (49 տարեկան, դերձակ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի. Միքայելյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում վարձու աշխատող օտարերկրացիները չեն ազատվում սոցիալական վճարների կատարման պարտականությունից: «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը օրենքով սահմանված պայմանների բավարարման եւ պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության վճարումներ կատարելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունի ՀՀ քաղաքացուն հավասար:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ օտարերկրյա քաղաքացու կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է միջացգային պայմանագրերի եւ ՀՀ ներպետական օրենսդրության համապատասխան:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե անձը ո՞ր տարիքից կարող է անցնել մանկավարժական թոշակի:
Նունե Խաչատրյան (53 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Նույն կարգի 28-րդ կետի համաձայն՝ մասնակի կենսաթոշակ նշանակելիս մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվարկվում է միայն հիմնական աշխատավայրում աշխատած ժամանակահատվածը: Համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական ստաժում չի հաշվարկվում:
Օրենքի 33-րդ հոդվածի համաձայն՝ կենսաթոշակի իրավունք ունեցող անձի՝ անձամբ ներկայացված գրավոր դիմումի հիման վրա կենսաթոշակ նշանակում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը՝ ըստ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա, ՀՀ-ում կենսաթոշակի իրավունք ունեցող անձի հաշվառման հասցեի մասին տվյալների: Դիմումին կցվում են օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Քաղաքացին մասնակի կենսաթոշակի իրավունք ունենալու տարիքը լրանալուց հետո (55 տարին լրանալուց) եւ օրենսդրությամբ սահմանված մասնակի կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժ ունենալու դեպքում մասնակի կենսաթոշակի նշանակման հարցով կարող է գրավոր դիմել իր հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մասնակի կենսաթոշակի չափը հաշվարկվում է՝ հաշվի առնելով միայն մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական ապահովագրական ստաժը: Մասնակի կենսաթոշակ նշանակելու կամ մասնակի կենսաթոշակ նշանակելու համար հաշվառելու դեպքում մասնագիտական ապահովագրական ստաժում հաշվարկվում է միայն հիմնական աշխատավայրում աշխատած ժամանակահատվածը: