ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ անձին հաշմանդամության անժամկետ կարգ տրամադրելու համար ի՞նչ է անհրաժեշտ: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ ժամկետով է անձին սահմանվում հաշմանդամություն:
Միլենա Խաչատրյան (51 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ 1-ին խմբի հաշմանդամներին եւ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցողներին հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով, 2-րդ եւ 3-րդ խմբի հաշմանդամներին հաշմանդամությունը սահմանվում է մեկ տարի ժամկետով:
Վերոնշյալ չափանիշներով պայմանավորված՝ անձին կարող է սահմանվել անժամկետ, իսկ «հաշմանդամ երեխա» կարգավիճակը՝ մինչեւ 18 տարին լրանալը:
Հաշմանդամության խումբը սահմանվում է անժամկետ՝
ա) օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց,
բ) վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության, հաշմանդամի սոցիալական անբավարարության վերացման կամ նվազեցման անհնարինության դեպքում, որը հետեւանք է անդառնալի կառուցվածքային փոփոխություններով եւ օրգանիզմի օրգանների եւ օրգան-համակարգերի ֆունկցիաների խանգարումով առողջության խաթարմամբ պայմանավորված կենսագործունեության կայուն սահմանափակման,
գ) իրականացված վերականգնողական միջոցառոումների անարդյունավետության դեպքում, որը բերում է հաշմանդամի մշտական սոցիալական պաշտպանության անհրաժեշտության (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում):
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ հաշմանդամների թիվը 2014-ին կազմել է 198 հազար 619, իսկ, ահա, 2013-ին՝ 193 հազար 836: Ի դեպ, յուրաքանչյուր տարի առաջնակի հաշմանդամ են ճանաչվում մոտ 16 հազար մարդ:
ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել «Ժողովուրդ» օրաթերթին դիմած ընթերցողներին հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար կարող եք դիմել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն՝ զանգահարելով (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներին: