ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով սահմանվել էր տարեց և հաշմանդամ քաղաքացիների խնամքի տրամադրման կարգը: Փոփոխությունների նպատակը խնամքի կարիք ունեցող անձանց շրջանակի հստակեցումն է և ընդհանուր տիպի և հատուկ տիպի տուն-ինտերնատ ընդունվող քաղաքացիների տարանջատումը: Որոշման մեջ, որպես սոցիալական վերականգնման միջոց, ավելացվել է “աշխատանքային թերապիայի” դրույթը: Ակնկալվում է, որ այս ամենը կնպաստի սոցիալական պաշտպանության հաստատություններում տարեց և հաշմանդամ քաղաքացիներին տրամադրվող սոցիալական սպասարկման ծառայությունների որակի բարձրացմանը:
Նիստում սահմանվել են հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների խնամքի և սպասարկման նվազագույն չափորոշիչները, որոնք հնարավորություն կտան պաշտպանել գիշերօթիկ կամ երկարօրյա պայմաններում կրթություն ու դաստիարակություն ստացող երեխաների իրավունքները:
Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը սահմանել է հատուցման դեպքի ի հայտ գալու պարագայում պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների՚ ճշգրտված տարեկան գնաճով, վերադարձելիության ամբողջական գործընթացը և տեղեկությունների փոխանակումը: