Երեկ կառավարության հերթական նիստից առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում պետական գնումների գործընթացի թափանցիկությանը` ՀՀ ֆինանսների նախարարությանը հանձնարարելով կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով առավել բարելավել գնումների գործընթացը տարբեր փուլերում:
Վարչապետը միաժամանակ նշեց, որ չպետք է սահմանափակվել այսքանով, եւ հանձնարարեց ՀՀ ֆինանսների նախարարին մշակել ծրագրային դրույթներ, որոնք հնարավորություն կընձեռեն յուրաքանչյուրին, էլեկտրոնային գնումների կայքէջում ընտրելով հետաքրքրող չափորոշիչները, ինքնուրույն ձեւավորել հաշվետվություններ:
«Ցանկանում եմ, որ կառավարությունն իրականացնի այս քայլերը եւ մեծացնի հանրության վստահությունը գնումների գործընթացի նկատմամբ»,- նշեց Աբրահամյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն էլ զեկուցեց բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներմուծելու մասին վարչապետի` մայիսի 19-ի հանձնարարականի վերաբերյալ:
Այնուհետեւ խոսեց ՀՀ արտաքին առեւտրային ռեժիմի մասին՝ նշելով, որ այն տարբերվում է երեք հիմնական ուղղություններով՝ երրորդ երկրներ, որոնց հետ Հայաստանը չունի ազատ առեւտրի համաձայնագիր, երրորդ երկրներ, որոնց հետ Հայաստանը ունի ազատ առեւտրի համաձայնագիր, եւ ԵԱՏՄ երկրներ: Մյուս առանձնահատկությունը պայմանավորված է նրանով, որ ԵԱՏՄ շրջանակներում երկու ցանկ կա, առաջինը վերաբերում է թերզարգացած երկրների ապրանքների ներմուծման արտոնությունների տրամադրմանը, երկրորդ ցանկը վերաբերում է զարգացող երկրներից ներկրմանը, որտեղ գործում են արտոնյալ դրույքաչափեր` մինչեւ 25 տոկոսի չափով:
«Ելնելով հանձնարարականի արդյունավետ կատարման անհրաժեշտությունից` առաջին փուլում առանձնացվել են այն հիմնական ապրանքատեսակները, որոնք հանրության շրջանում մեծ հետաքրքրություն ունեն, դրանք են՝ ալյուր, ցորեն, շաքարավազ, արեւածաղկի յուղ, հավի միս, նարինջ, բանան, բենզին, դիզվառելիք: Արդեն մշակվել են անհրաժեշտ տեղեկատվական հուշաթերթեր, ուղարկվել են ՊԵԿ-ին եւ սննդի անվտանգության ծառայությանը: Սա շարունակական բնույթ է կրելու»,- ասաց Մինասյանը:
Երեկ ՀՀ կառավարության նիստում հաստատվեց նաեւ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ այլընտրանքային խնամքի տրամադրման նպատակով ուղղորդման կարգը եւ չափորոշիչները:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանի ներկայացմամբ՝ նոր կարգով հստակ սահմանվում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ այլընտրանքային խնամքի տրամադրման առաջնահերթությունները: «Բացի այդ՝ երեխայի խնամքի ու պաշտպանության իրավասություն ունեցող մարմինների համար պարտադիր կատարման ենթակա գործառույթ կդառնա կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների եւ նրանց ընտանիքների կյանքի պայմանների համակողմանի եւ խորը ուսումնասիրությունը եւ երեխայի համար այլընտրանքային խնամքի բոլոր տեսակների նպատակահարմարության մասին հիմնավոր եզրակացության կազմումը: Արդյունքում՝ հնարավորինս կկանխարգելվի երեխաների մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ. կիրականացվեն համակողմանի եւ շարունակական աշխատանքներ՝ շուրջօրյա խնամքի հաստատություններում տեղավորված երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելու ուղղությամբ»,- ներկայացրեց փոխնախարարը:
Իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը կառավարությունը բացասական եզրակացություն տվեց: Նախագծով պետությունը պետք է երաշխավորեր 18 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սերմնաբջիջների պահպանությունը՝ այդ նպատակով ստեղծված համապատասխան սերմնաբջիջների պահպանության բանկում: Կառավարության բացասական եզրակացության մեջ ասված է, որ նախագծով կարգավորված չեն սեռաբջիջների պահպանության բանկի գործունեության, ֆինանսավորման եւ կարգավիճակի հետ կապված, զոհված զինծառայողների սեռաբջիջների օգտագործման ընթացակարգերը, մասնավորապես դրանք օգտագործելու իրավասություն ունեցող անձանց շրջանակը, նրանց իրավունքները եւ պարտականությունները, զոհված զինծառայողների սեռաբջիջների օգտագործմամբ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման կարգը, սեռաբջիջների օգտագործման արդյունքում ծնված երեխայի կարգավիճակը, որդեգրման դեպքում` դրա առանձնահատկությունները: Բացի այդ՝ կառավարության բացասական եզրակացության մեջ նշված է, որ նախագիծը խնդրահարույց է էթիկական տեսանկյունից:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
«ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ»-Ն ԱՅՍ ՏԱՐԻ ՔԻՉ ՀԱՐԿ Է ՎՃԱՐԵԼ
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Հայաստանում «Աշտարակ կաթ» ընկերությունը 1000 խոշոր հարկատուների ցանկում այս տարվա առաջին եռամսյակում ավելի քիչ հարկ է վճարել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:
Այսպես՝ «Աշտարակ կաթ» ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում վճարել է 90 մլն 355 հազար 600 դրամ հարկ եւ 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 268-րդ տեղը: Մինչդեռ նախորդ տարվա առաջին եռամսյակում այս ընկերությունը վճարել է 262 մլն 762 հազար 700 դրամի չափով հարկ՝ զբաղեցնելով 98-րդ տեղը: Այսինքն՝ այս տարվա առաջին եռամսյակում «Աշտարակ կաթ»-ը 172 մլն 407 հազար 100 դրամի չափով քիչ հարկ է վճարել պետբյուջե: Մինչդեռ նախկինում այդ ընկերությունը կաթնամթերքի շուկայում առաջատարներից էր: Սա կարող է պայմանավորված լինել գնողունակության անկման հետ, ինչի հետեւանքով եւ նվազել է ընկերության շրջանառությունը: Չնայած որ «Աշտարակ կաթը» նախորդ տարի ֆինանսական խնդիրներ ուներ. գյուղացիներից կաթ էր մթերել, սակայն գումարը չէր տվել՝ հսկայական պարտքեր կուտակելով:
Իսկ կաթնամթերք արտադրող մյուս ընկերությունների դեպքում պատկերն այլ է: Օրինակ՝ «Դուստր Մարիաննա» կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունը այս տարվա առաջին եռամսյակում վճարել է 196 մլն 794 հազար 700 դրամ եւ զբաղեցրել է 137-րդ տեղը: Իսկ, ահա, նախորդ տարվա առաջին եռամսյակում այս ընկերությունը վճարել է 124 մլն 474 հազար 800 դրամ հարկ՝ զբաղեցնելով 188-րդ տեղը: Ինչպես նկատեցիք՝ այս ընկերությունում պետբյուջե վճարվող հարկը ավելացել է 72 մլն 319 հազար 900 դրամով: Հիշեցնենք, որ «Դուստր Մարիաննա»-ն կաթնամթերքի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններից մեկն է:
Իսկ «Բիոկաթ» ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում զբաղեցնելով 918-րդ տեղը՝ վճարել է 22 մլն 300 հազար 800 դրամի չափով հարկ: Այս ընկերությունը նախորդ տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 984-րդ տեղը եւ վճարել է 20 մլն 646 հազար 700 դրամ հարկ: «Բիոկաթ»-ն այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համամետ, 1 մլն 654 հազար 100 դրամով ավել է հարկ վճարել:
Կաթնամթերքի, պաղպաղակի արտադրությամբ զբաղվող «Թամարա եւ Անի» ընկերությունը այս տարվա առաջին եռամսյակում վճարել է 113 մլն 465 հազար 500 դրամ հարկ եւ 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 113-րդ տեղը: Ի դեպ, ընկերությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պետբյուջե է վճարել 66.2 միլիոն դրամի հարկ: Այս ընկերության դեպքում հարկերի աճը պայմանավորված է արտադրանքի իրացման ծավալների ավելացմամբ:
Իսկ ՀՀ Շիրակի մարզում գործող «Իգիթ» պանրի արտադրությամբ զբաղվող ընկերությունը այս տարվա առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 965-րդ տեղը եւ վճարել 21 մլն 168 հազար դրամ: Ի դեպ, այս ընկերությունը նախորդ տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկում տեղ չի գտել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԶԻՆԿՈՄԻ ՈՐԴՈՒ ԳՈՐԾԸ ՏԵՂԱՓՈԽԵՑԻՆ
2016թ. փետրվարի 11-ին՝ ժամը 22-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի 27-ամյա բնակիչ Սերգեյ Միքայելյանը Դիլիջանի բժշկական կենտրոն է տեղափոխվել ինքնաձիգի կրակոցից վիրավոր վիճակում, «աջ ստորին վերջույթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ: Ս. Միքայելյանը Դիլիջանի տարածքում ինքնաձիգի գնդակից վիրավորվել է, երբ գտնվել է ավտոմեքենայի մեջ: Գնդակը ծակել-անցել է ավտոմեքենայի դուռը եւ խոցել Սերգեյի ոտքը: Նա ի պատասխան՝ իր մոտ գտնվող ինքնաձիգից օդ է կրակել: Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանության փորձը) եւ 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Սերգեյ Միքայելյանի դեմ կատարած մահափորձի կապակցությամբ որպես մեղադրյալ ներգրավվել է Դիլիջանի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Հովհաննես Հակոբյանի որդին՝ 26-ամյա Դավիթ Հակոբյանը: Վերջինս մոտ մեկ ամիս գտնվում էր փախուստի մեջ, հետո ներկայացավ իրավապահներին, այժմ նա կալանավորված է: Քրեական գործի քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժինը: Դեպքի կապակցությամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել: Իրավապահ աղբյուրներից տեղեկացանք, որ քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունից տեղափոխվել է այլ մարմնի՝ նույն կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության վարչության վարույթ: Սերգեյ Միքայելյանին որեւէ մեղադրանք առաջադրված չէ: Քրեական գործով նշանակված են մի շարք ծավալուն փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռես չեն ստացվել: Քննությունը պետք է պարզի, թե որտեղից են Դավիթ Հակոբյանը եւ Սերգեյ Միքայելյանը ձեռք բերել ապօրինի զենք համարվող 2 ինքնաձիգերը: Նախաքննական գաղտնիք է համարվում այն դրդապատճառը, թե ինչու է Դիլիջանի զինկոմի որդին ինքնաձիգով կրակել համաքաղաքացի երիտասարդի վրա:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը երեկ ԱԺ-ում հայտարարել է, որ օրենսդրությամբ նախատեսված կարգով զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվում են շուրջ չորս միլիոն դրամի ապահովագրական վճարներ, որոնք հուղարկավորությունը կազմակերպելու եւ հետագա ծախսերին են վերաբերում: Նախարարի խոսքով՝ կառավարության համապատասխան որոշման ընդունման դեպքում նախատեսվում է հատկացումներ կատարել նաեւ կամավորականների ընտանիքներին: Ա. Ասատրյանը ընդգծել է, որ բացի միանվագ վճարումներից՝ կլինեն նաեւ պարբերական վճարումներ. «Միջին հաշվով, երեք հոգանոց ընտանիքին կհատկացվի կենսաթոշակ, պարգեւավճարներ եւ այլն: Շուրջ 150-180 հազար դրամ հատկացում կլինի, բայց դա էլ փոփոխության կենթարկվի, կապված նրա հետ, թե ինչ զինծառայող է՝ սպայական կազմից է, թե այլ տեղից»: