Կուզենայի տեսնել ավելի շատ երիտասարդ ռեժիսորների. «Ոսկե ծիրան»-ի մրցութային ծրագրի համակարգող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի է, որ «Ոսկե ծիրան» Երեւանի 13-րդ միջազգային փառատոնը մեկնարկելու է հուլիսի 10-ին եւ ավարտվելու է 17-ին: Փառատոնին ներկայացված 900 հայտերից ընտրվել է 43 ֆիլմ: Դրանից 16-ը կպայքարի «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթում: «Ժողովուրդ»-ը զրուցել է մրցութային ծրագրի համակարգող, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանի հետ:

-Րաֆֆի՛, ծրագրի շրջանակում հայազգի ռեժիսորների ներկայացրած ֆիլմերի պարագայում ի՞նչ դրական տեղաշարժեր եք նկատում:

-Այս տարի ծրագրում ներգրավված 5 լիամետրաժ ֆիլմ ունենք. սա բավական բարձր ցուցանիշ է, քանի որ վերջին տարիների ընթացքում լիամետրաժ ֆիլմերի թիվը պակասում էր, փոխարենը գերակայում էին վավերագրական եւ կարճամետրաժ ֆիլմերը: Ի դեպ, այս 5 ֆիլմերից 2-ը երբեւէ որեւէ տեղ չեն ցուցադրվել, կարելի է ասել` փառատոնի շրջանակում տեղի կունենան դրանց համաշխարհային պրեմիերաները: Խոսքը Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» եւ Աննա Արեւշատյանի «Բարի լույս» ֆիլմերի մասին է:

-Հայկական արտադրության տեղական ֆիլմերը պետք է որ թեմատիկ առումով առանձնահատկություններ ունենան…

-Կարելի է նկատել, որ տեղական արտադրության հայկական ֆիլմերը մեր ոչ վաղ անցյալը իմաստավորելու, հերոսի ինքնության հաստատման թեմաներ են բարձրացնում: Իսկ, օրինակ, մի քանի ռուսահայ ռեժիսորներ ներկայացրել են ֆիլմեր, որոնք կինեմատոգրաֆիկ իմաստով մեզ համար հետաքրքրական են, բայց ինչ-որ առումով կտրված են հայկական իրականությունից, ավելի գլոբալ խնդիրների են անդրադառնում:

-Մրցութային ծրագրերին մասնակից ռեժիսորների շրջանում կա՞ մի միտում, որ բացակայում է, մի բաց, որ ըստ Ձեզ, անհրաժեշտ է լրացնել:

-Կուզենայի մրցութային ծրագրերում տեսնել ավելի շատ երիտասարդ ռեժիսորների, որոնք, օրինակ, նոր են ավարտել ինստիտուտը: Շատ ռեժիսորներ, որոնք նկարահանել եմ մեկ կամ երկու ֆիլմ, միտում չունեն նորերը նկարահանելու: Գուցե այդ հանգամանքը ինչ-որ առումով պայմանավորված է արտադրական խնդիրներով, որոնց նրանք բախվում են:

-Հետաքրքիր է` այս տարի հայազգի նշանավոր կինոգործիչների «Ոսկե ծիրան»-ում կհյուրընկալե՞ք:

-Անշուշտ: Կարծում եմ` կհյուրընկալենք հայտնի հայ կինոպրոդյուսերի, որը բավական երկար ժամանակ Հայաստանում կինոարտադրությամբ զբաղվելու ցանկություն է ունեցել: Ի դեպ, նշեմ, որ վերջին տարիներին ունեցել ենք այնպիսի հայ կինոռեժիսորներ, որոնք առաջին անգամ Հայաստան են եկել հենց «Ոսկե ծիրան»-ի շրջանակում (օրինակ` Էրիկ Նազարյանը): Այսինքն` նրանց կապը Հայաստանի հետ հաստատվել է կինոյի միջոցով:

Աննա Բաբաջանյան




Լրահոս