Վիճաբանել է ոստիկանի հետ և բռնություն կիրառել վերջինիս նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի հունիսի 9-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, քաղաքացի Մարտին Փ.-ն Երևան քաղաքի Տ. Պետրոսյան 32/8 հասցեում գտնվող «Պրոմեթեյ» բանկի տարադրամի փոխանակման կետի մոտ վիճաբանության մեջ է մտել նույն բանկում ծառայողական պարտականություններն իրականացնող ՀՀ ոստիկանության ծառայողի հետ: Մարտին Փ.-ն վիճաբանության ընթացքում, չենթարկվելով ՀՀ ոստիկանության հիշյալ ծառայողի օրինական պահանջներին, բռնություն է կիրառել վերջինիս նկատմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվել նախաքննություն:
Նախաքննության ընթացքում Մարտին Փ.-ն էլ, իր հերթին, հայտնել է, որ հիշյալ օրը վիճաբանության ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողը հարվածներ է հասցրել իրեն:
Այնուհետև ՀՀ գլխավոր դատախազը գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը վերցրել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի վարույթից և հանձել ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչի վարույթին:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս