ArmLur.am-ի զրուցակիցը Ղարաբաղյան ազատամարտիկների խորհրդի ղեկավար Արկադի Կարապետյանն է:
-Պարո′ն Կարապետյան, Դուք ի՞նչ մոտեցում ունեք վերջին շրջանում 5 ապա եւս 2 հողեր հանձնելու մասին արված հայտարարությունների վերաբերյալ:
-Իմ մոտեցումը շատ պարզ է. մենք մեր հայրենիքը չենք կարող սակարկել, իսկ որեւէ փաստաթուղթ մինչեւ այսօր լավ բանի մասին, ի նպաստ մեզ, հայությանը ստորագրված չէ: Ամեն ինչը գաղտնի են պահում: Ես էլեմենտար բան կարող եմ ասել. ինչ որ գաղտնի է նախ բացահայտվում է, երկրորդն էլՙ եթե ժողովրդից գաղտնիք եք պահում, ուրեմն այդ ժողովրդի համար լավ բան չեք անում: Այդ դիվանագիտական հնարքները հենց դրա համար են, որ վերջում ասեն բա գիտեք էս էն է: Մեր տրամադրությունները շատ հստակ է ոչ մի բան չենք հանձնելու, ոչ մեկի ոչ մի բան չենք տալու: Ժամանակն էլ որ գա, այն ինչ որ մեզ էր պատկանում, հաստատ հետ ենք բերելու, այդ ի լուր ամբողջ աշխարհի: Ամենակարեւորը Աստծու գործոնն է, անհավատների համար եմ ասում, եթե դու իր հետ ես, բոլոր հարցերը լուծում է: Մենք այսօր վերադառնում ենք դեպի Աստված, մեր հայրենիքը լինելու է ամբողջովին մերը, թե Արեւմտյան, թե Արեւելյան, ով ինչ ուզում է մտածի, անի: Այդ բոլոր դեմ գնացողները ի վերջո չքանալու են մեր կյանքից:
–Պարո′ն Կարապետյան, օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ ԼՂՀ հակամարտության խնդիրը միայն փուլային տարբերակով պետք է լուծվի: Այս մասով ի՞նչ կասեք:
-Գիտեք, փուլը թուրքերի լեզվով փողն է, իրենք շփոթում են նման բաները, կարող է չեն հասկանում ինչ են ասում: Ուղղակի, ցավոք սրտի, մեր դիվանագետները շատ բաներ չեն հասկանում, չեն հասկանում, որ տարածքային անմբողջականությունը դա մեզ է վերաբերում, այն իմաստով, որ Ադրբեջանը մեր հայրենիքն է: Ադրբեջանի տարածքի մեծամասնությունը մեր հայրենքին է, մենք ինքնորոշվելու խնդիր չունենք: Շատ ցավալի բաներ է կատարվում, զարմանում ես, որ մարդիկ այդքան անտեղյակ մեր ժողովրդի բախտն են ուզում որոշեն:
-Հնարավոր է առաջիկայում եւս հանդիպումներ եւ բանակցություններ տեղի ունենան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: Շարունակվող հանդիպումներից առհասարակ ի՞նչ սպասենք:
-Որեւէ հանդիպումից ակնկալիք չունեմ: Նույնիսկ ասեմ ավելին, որ ռուսական կործանիչը, որ խփեցին թուրքերը, Պուտինը այսպիսի մի հետաքրքրի բան ասեց, թուրքերը պատրաստվելու էին մի բան անել, որ շատ կարեւոր էր իրենց համար, եւ նրանք դրա տակ բան դրեցին: Հիմա այդ հարաբերությունները վերականգնվում են ու ոնց որ այդ վերջին մի 150 տարվա մեջ Աստված մեզ ամեն ինչ բացեց ով ով է, ով է մեր ընկերը, ոնց է քաղաքականություն վարում:
Արփինե Թովմասյան