Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա Լեյենը հայտարարել է, որ Գերմանիան հնարավոր է թույլ չտա գերմանական AWACS ինքնաթիռները հետախուզական թռիչքների իրականացնեն Սիրիայի սահմանին: Ինչպես հայտնում է թուրքական «Haberler» լրատվական կայքը, նախարար Վոն դեր Լեյենը նշել է, որ Գերմանիան նման քայլի կգնա, եթե Թուրքիան Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) պատգամավորներին թույլ չտա այցելել Ինջիրլիքի ռազմաբազա:
Լեյենը հիշեցրել է, որ Թուրքիան գերմանացի պատգամավորների այցը ռազմաբազա արգելել է հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո: Պաշտպանության նախարարը, Թուրքիայից կրկին պահանջելով ռազմաբազա այցելելու թույլտվություն տրամադրել, նշել է որ AWACS ինքնաթիռների հարցում իրենք սպասում են Թուրքիայի՝ Ինջիրլիք այցելելու թույլտվության որոշմանը:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին դաշնային խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի գրեթե միաձայն հաստատումից հետո Թուրքիան արգելել էր գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիք ռազմաբազայում գտնվող իրենց զինվորներին: