Երեկ լրագրողները վերջապես հնարավորություն ունեցան մուտք գործել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք, որն արդեն մեկ շաբաթ է` ինչ գրաված է մնում «Սասնա ծռեր» խմբավորման կողմից: Մեծ թվով լրատվամիջոցներ էին հավատարմագրվել` ՊՊԾ գունդ մտնելու համար: Դրանից հետո լրագրողները հատուկ ստուգում անցան, որը բավական երկար տևեց: Բացի դա, նախապայման կար դրված. լրագրողները չպետք է իրենց հետ վերցնեին կապի որևէ միջոց, այդ թվում ինտերնետ կապ կամ հեռախոս: Բայց քանի որ հեռախոսը նաև ձայնագրիչ է, թույլ տվեց այն օգտագործել որպես ձայնագրող սարք` քարտը հանելու պայմանով: Այնուհետև ներկայացվեցին աշխատանքի պայմանները:
Տարածքում մեզ առաջինը դիմավորեց Արայիկ Խանդոյանը` Միայնակ Գայլը, ով նախ տարածքում գտնվող ոստիկաններին կոչ արեց հեռանալ, ապա զայրացավ, երբ իմացավ, որ ուղիղ հեռարձակում ոչ մի լրատվամիջոց այդ պահին չունի: Այնուհետև լրագրողներին մոտեցան Վարուժան Ավետիսյանն ու Պավել Մանուկյանը և ներկայացրեցին, թե ինչպես է տեղի ունեցել հարձակումը և ինչու ընտրեցին հենց ՊՊԾ գունդը որպես հարձակման թիրախ:
Խմբի անդամները խոսեցին նաև հետագա քայլերի, զենքերը վայր դնելու պայմանի մասին, մինչ վերադարձվեցին կապի միջոցները: Լրատվամիջոցներն արդեն ուղիղ եթերի հնարավորություն ունեցան և տարածքում հայտնվեց Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, ով այդ պահին բանակցող կողմ էր հանդիսանում:
Այնուհետև հարցազրույցներ կատարեցինք խմբի անդամների հետ, հնարավորություն ունեցանք նաև ավելի առաջ անցնել սահմանված տարածքից և նկարահանումներ կատարել: Սակայն ավելի ուշ Վիտալի Բալասանյանը լրագրողներին հորդորեց դուրս գալ տարածքից, իսկ այդ ընթացքում խմբի անդամները նաև օդ կրակեցին` ի նշան լրագրողների առկայության:
Մինչ արգելված գոտի մտնելը, ArmLur.am-ը նկարահանումներ է կատարել նաև ոստիկանների և ԱԱԾ-ի կողմից հսկվող տարածքում: Ինչպես տեսնում եք տարածքը մեծ թվով մարդիկ են հսկում: Իսկ լրագրողների` տարածքից դուրս գալուց հետո պարզ դարձավ, որ Վիտալի Բալասանյանն այլևս չի հանդիսանում միջնորդ կողմ. «Սասնա ծռեր» խմբավորման անդամներն այլ միջնորդ կգտնեն:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյությում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան