“ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նոյեմբերի 5–ի ուշ երեկոյան Ոստիկանության կենտրոնի բաժնում անձամբ բռնություն է կիրառել բերման ենթարկվածներ Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի նկատմամբ։ Այս մասին երեկ Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հայտնել են Հարությունյանն ու Վարդանյանը։ Փաշինյանը երեկ Երևանի ՁՊՎ-ում տեսակցել է նախօրեին Մաշտոցի պողոտայի իրադարձությունների արդյունքում ձերբակալվածներին։ Ստորև ներկայացնում ենք պատգամավորի հետ թերթի թղթակցի զրույցը։
-Պարոն Փաշինյան, տեղեկացանք, որ հանդիպել եք ձերբակալվածների հետ, ի՞նչ վիճակում են նրանք։
-Այո, այցելել եմ Ձերբակալվածների պահման վայր և հանդիպել եմ նոյեմբերի 5-ի միջադեպի կապակցությամբ ձերբակալված բոլոր 20 անձանց հետ: Ձերբակալվածներից մի քանիսը առայժմ սնունդ չեն ընդունել, մտածում են հացադուլ հայտարարելու մասին, բայց դեռևս վերջնական որոշում չեն կայացրել, այդ պատճառով անունները նպատակահարմար չեմ համարում հրապարակել։ Ձերբակալվածների մի մասը վնասվածքներ ուներ։ Շանթ Հարությունյանն ինձ տեղեկացրեց, որ Կենտրոնի բաժնում իր նկատմամբ բռնություն է գործադրել անձամբ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ինչպես նաև ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը։ Անձամբ ոստիկանության պետի կողմից բռնության ենթարկվելու մասին ինձ տեղեկատվություն փոխանցեց նաև ձերբակալված ազատամարտիկ Վարդան Վարդանյանը։ Նա ասաց, որ ոստիկանության պետը իրեն հարվածներ է հասցրել, իսկ ուրիշ ոստիկաններ պոկել են շքանշանակիրի կրծքանշանը։ Շանթ Հարությունյանը փոխանցեց, որ Հունան Պողոսյանը նաև Շանթի որդու հասցեին է սպառնալիքներ տեղացել, սեռական բնույթի հայհոյանքներ տվել։ Շանթն ասաց, որ այդ ընթացքում մի խումբ ոստիկաններ բռնած են եղել իր ձեռքերը։ Որպես պատգամավոր, կարծում եմ, որ այս հայտարարությունների կապակցությամբ պետք է պատշաճ քննություն իրականացվի”,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։