Այս օրերին մի տեսակետ է համառորեն շրջանառվում, ըստ որի՝ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավումից հետո զբոսաշրջիկների այցը դեպի Հայաստան զգալի նվազել է: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանի հետ. «Գալիս են, բայց նկատվում է զբոսաշրջիկների թվի նվազում: Այս պահին հստակ չեմ կարող ասել, թե այդ հանգամանքը կոնկրետ ինչով է պայմանավորված: Գուցե՞ պատճառը եղանակներն են»:
Իսկ, ահա, Գառնիի տուրիստական ինֆորմացիոն կենտրոնի տնօրեն Վաղինակ Թադեւոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ այս օրերին նկատել է միայն իրանցի զբոսաշրջիկների թվի աճ: «ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը թե ինչ ազդեցություն կունենա զբոսաշրջության ոլորտի վրա, այս պահին վաղ է խոսել: Բայց այն, որ ապրիլյան քառօրյայից հետո բազմաթիվ զբոսաշրջիկներ հրաժարվում են գնալ Արցախ, փաստ է: Վախենում են»,- փոխանցեց Թադեւոսյանը: