ՍԵՎԱՆՈՒՄ ՁԿՆԱԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մինչ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը շարունակում է հայտարարություններ անել ձկնագողության դեմ պայքարի անհրաժեշտության մասին, Սեւանա լճից քամվում են սիգի վերջին պաշարները, որոնք անարգել կերպով վաճառվում են մայրաքաղաքի գրեթե բոլոր շուկաներում: Վերջին 20 տարիներին այս ձկնատեսակի պահուստները Սեւանում կրճատվել են 5 հազար անգամ: Մասնագետները բազմիցս բարձրաձայնել են, որ սիգի ոչնչացման պատճառը դրա չափազանց մեծ քանակի որսն է` անգամ ձվադրման շրջանում: Իսկ վերջին տարիներին լճից որսում են անգամ սիգի մանրաձուկը՝ չթողնելով, որ այն սեռահասուն դառնա ու ձվադրի:
Նշենք, որ 2012թ. տվյալներով` ձկան ընդհանուր պահուստը Սեւանա լճում կազմել է 100-105 տոննա, որից 96.7 տոննան կազմում է ծածանը, իսկ 6-6.5 տոննան` սիգը: Միայն սիգի պահուստը մեկ տարում կրճատվել է 2 տոննայով՝ դրանով իսկ վերջնականապես վտանգելով այս ձկնատեսակի գոյությունը լճում: Մինչդեռ ժամանակին Սեւանա լճում սիգի արդյունագործական պաշարները հասնում էին երեսուն հազար տոննայի: Սիգի առավելագույն պահուստը Սեւանում արձանագրվել է 1988, 1989 եւ 1990 թվականներին՝ կազմելով 28-30 հազ. տոննա: Լճի ձկների ընդհանուր կենսազանգվածը 2005-2012թթ. կտրուկ նվազել է: Իսկ սիգի կենսազանգվածը նշված ժամանակամիջոցում նվազել է 100 անգամ, այն դեպքում, երբ դեռեւս 2005թ. հաշվարկվել է 600 տոննա սիգ, 2012թ. եղել է ընդամենը 6,5 տ: Անցած տարիներին լճի ձկնապաշարների վերականգնման ուղղությամբ որոշ քայլեր արվել են, սակայն հիմնականում իշխանի եւ գեղարքունու. 2008-2012թթ. ընթացքում Սեւանա լիճ է բաց թողնվել ամառային իշխանի 880.800 (5-100 գ) եւ գեղարքունու 600.681 մանրաձուկ (5-65 գ):
Իսկ ահա սիգի պաշարների վերականգնման հարցը շատ ավելի բարդ է, քանի որ սիգի` լճից դուրս մանրաձկների աճեցումը խնդիր է: Մասնագետներն ահազանգում են՝ Սեւանա լճում սիգի բազմացող վտառ այլեւս գոյություն չունի, մնացել են միայն հատուկենտ խոշոր ձկներ, որոնց հաշվին սիգի պաշարները վերականգնվել չեն կարող: Նրանք առաջարկում են նորից սիգի ինկուբացիա իրականացնել լճում, այսինքն՝ արհեստական վերարտադրություն կատարել ոչ միայն էնդեմիկ տեսակների, այլեւ սիգի համար:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի խոսքով՝ այլեւս չկա սիգի արդյունագործական պաշար, պարզապես այս ձկնատեսակը մնացել է որպես կենսաբազմազանության միավոր: Իսկ խնդրի լուծման միակ ճանապարհը որսի արգելքն է: Նաեւ՝ առաջիկա երեք տարիների ընթացքում Սեւանա լիճ իշխանի մանրաձուկ բաց թողնելու գործընթացի շարունակությունը՝ ուժեղացնելով որսագողության դեմ հսկողությունը ոչ միայն լճում, այլեւ գետերում:
“Վերջերս շուկայում նկատեցի, որ 1500 դրամով սիգի իկռա էին վաճառում: Ազատ վաճառք: Այսինքն՝ դեռ իկռան էլ հասունացած չէ: Այդ վտառը բռնում են, էլ որտեղի՞ց հասունանա: Ինչի՞ մասին է խոսքը”,-վրդովվեց Գաբրիելյանը: “Ժողովուրդ”-ի հարցին, թե սա ում բացթողումն է, նա նշեց. “Համապատասխան հսկող կազմակերպությունների՝ “Սեւան ազգային պարկ” ՊՈԱԿ-ի, բնապահպանության նախարարության: Բոլորն էլ պետք է հսկեն: Դա մեր գործը չէ: Մենք պետք է ուսումնասիրենք ու գնահատական տանք եւ տարբերակներ առաջարկենք: Մնում էր՝ գիտնականները գնան ու որսագող բռնեն”:
“Սեւան ազգային պարկ” ՊՈԱԿ-ի գիտական գծով տնօրենի տեղակալ Վահե Գուլանյանը զարմացած է, թե ինչպես է ստացվում, որ միշտ իրենց են մեղադրում բացթողումների մեջ.”Հետազոտում է Գիտությունների ազգային ակադեմիան, բայց թույլտվությունը տալիս է բնապահպանության նախարարությունը: Ու, չգիտես ինչու, ամեն մեկը մի տեղ թաքնվում է ու հայտարարում, որ մեղավոր չէ: Ո՞վ է մեղավոր: Այդ հարցը պետք է մեզ չտաք: Մենք ո՞վ ենք, որ որսագողության դեմ պայքար իրականացնենք: 40-50 համայնքի դեմ պայքարե՞լ կլինի, երբ ազգային պարկում շուրջօրյա հերթապահություն չկա: Գողը երբեք ցերեկը չի գողանում: Դա բոլորս էլ լավ գիտենք”:
Իսկ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այս հարցի շուրջ “Ժողովուրդ”-ի հետ զրույցում փոխանցեց. “Մենք մտահոգված ենք եւ լուրջ միջոցներ ենք կիրառում որսագողությունը կանխելու համար”:
Ի դեպ, օրերս ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը 2014թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով Արամ Հարությունյանին, ասել էր, թե բնապահպանության նախարարությունը 2014թ. բյուջեով գումար է նախատեսում Սեւանում ձկան պաշարների համալրման համար, մինչդեռ միաժամանակ գետերի վրա ձկների ձվադրումը խոչընդոտող  հէկ-երի շահագործման թույլտվություն է տալիս: Նախարարը համաձայնել էր պատգամավորի հետ եւ նշել, որ իրենք էլ են մտահոգված խնդրով: Փաստորեն, նախարարությունը մտահոգվելով է թույլտվություն տալիս: Իսկ ահա Բարդուխ Գաբրիելյանը հէկ-երի մասին ասում է. “Իհարկե, հէկ-երը խոչընդոտում են ձկների ձվադրման գործընթացը: Նման տեղերում ձուկը չի կարող բազմանալ: Բացի դրանից՝ հէկ-երի առկայության դեպքում ջերմություն, արագություն, ամեն ինչ փոխվում է”:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 654 համար




Լրահոս